Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարզ չէ, թե քանի դպրոց եւ մանկապարտեզ է ջեռուցվում

Հասարակություն
dproc

Որեւէ մեկը խնայողության իրավունք չունի։ Անդրադառնալով Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցների եւ մանկապարտեզների ջեռուցման հարցին՝ նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։ «Եթե տարիներ առաջ ասում էին խնայեք, արդեն երկու տարի է նման բան չկա»,- «Ա1+»-ին ասաց նա։ Շատ ծնողներ այս օրերին բողոքում են, որ դասերն անցկացվում են ցուրտ սենյակներում. Տնօրենները ջեռուցման համակարգի գործարկման սկիզբ են սահմանել նոյեմբերի 15-ը։ Այս առնչությամբ Գայանե Սողոմոնյանը նշեց, որ շատ դպրոցներ ջեռուցման համակարգի փորձարկումից հետո արդեն իսկ ջեռուցվում են։ Իսկ թե որքան դպրոց եւ մանկապարտեզ է ջեռուցվում այս պահին, տիկին Սողոմոնյանը հստակ չնշեց. թվերը հայտնի կլինեն վաղը։ Նա միաժամանակ հավելեց, որ խիստ հանձնարարական է իջեցված, որ որեւէ դպրոցում ջեռուցման հետ կապված դրամահավաք չլինի։