Ամփոփվել են ռազմամարզական խաղերը
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նոյեմբերի 5-ին, ներկա է գտնվել նախարարության կողմից անցկացվող «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղեր»-ի եզրափակիչ փուլին: Նախարարը ողջունել է բոլորին գեղեցիկ միջոցառման կապակցությամբ՝ շեշտելով, որ այսօր չեն լինելու հաղթողներ և պարտվողներ, քանզի հաղթող է յուրաքանչյուր մասնակից: «Սպորտի նախարարությունը Պաշտպանության նախարարության հետ համատեղ մեծ ուշադրություն է դարձնում հատկապես զորակոչային և նախազորակոչային տարիքի երիտասարդների ֆիզիկական վիճակին և մարզվածության մակարդակին, քանի որ միայն կոփված և մարզված զինվորն է ընդունակ լիարժեքորեն ծառայելու իր հայրենիքին»- իր խոսքում ընդգծել է Գաբրիել Ղազարյանը: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում նոյեմբերի 2-5-ն անցկացվող ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլում ընդհանուր թիմային հաշվարկով հաղթել է ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղն է զբաղեցրել ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ 3-րդ տեղը՝ ՀՀ Շիրակի մարզի Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոցի թիմը: Ըստ մրցաձևերի հաղթողներ են ճանաչվել՝
| Նռնակի նետում (Ֆ-1 ուսումնական) | Արման Այվազյան (ՀՀ Շիրակի մարզ, Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոց) |
| Ինքնաձիգի քանդում-հավաքում | Դավիթ Ամոյան (ՀՀ Վայոց Ձորի մարզ, Արենիի միջնակարգ դպրոց) |
| Չգումներ պտտաձողից | Արթուր Գևորգյան (Երևանի № 127 միջնակարգ դպրոց ) |
| Կրոսավազք (1000 մ) | Արմեն Արզումանյան (ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարանի № 1 միջնակարգ դպրոց) |
| Հրաձգություն (օդամղիչ hրացանով) | Կարեն Դվոյան (ՀՀ Գեղարքունիքի մարզ, Գավառի № 2 միջնակարգ դպրոց ) |
| 8 կգ-անոց ուսապարկով փոխանցումավազք (4 x 50 մ) թիմային | ՀՀ Վայոց Ձորի մարզ, Արենիի միջնակարգ դպրոց |