Ով է «Նաիրիտ»-ի սեփականատերը. ԱԺ-ում Ազատության հրապարակի ելույթնե՞րն են
Ո՞վ է «Նաիրիտ» գործարանի իրական տերը: Այսօր ԱԺ-ում էնեգետիկ ոլորտի բյուջեի քննարկմանը փոխնախարար Արա Սիմոնյանին հարց ուղղեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա հիշեցրեց փոխնախարարին՝ «Նաիրիտ»-ի մասին չէ՞ր, որ նախարարության ներկայացուցիչներն ասում էին, թե գործարանի արժեքը նրա կոլեկտիվն է՝ 2460 աշխատակից. «Ամսական մեկ միլիոն դոլարից ավելի աշխատավարձն էր: Ասացե’ք, թե այդ աշխատավարձը, որ տալիս եք, ո՞ր աղբյուրների հաշվին են կատարվում, եթե բյուջեի հաշվին չէ, ապա ո՞ր ընկերություների հաշվին է»: Նրան նաեւ հետաքրքրում էր՝ եթե հիմա ուզենան ներդում իրականացնել, սակայն «Նաիրիտ»-ն այժմ միջպետական բանկում գրավի տակ է, ինչպե՞ս են այդ ներդրումները իրականացվելու. «Սա քաղաքական լուծում է պահանջում, սակայն մասնագիտական լուծում էլ չեմ տեսնում»: Արա Սիմոնյանն ասաց, որ «Նաիրիտ»-ի աշխատավարձերը վճարվել են նրանց ընկերության կողմից ներգրավված փոխառու միջոցների հաշվին. «Հիմնականում 100 տոկոսով Երեւանի ՋԷԿ-ից՝ նկատի ունենալով, որ անմիջականորեն իրար հետ տեխնոլոգիապես կապված են: Թույլ տվեք, որպեսզի «Նաիրիտ»-ի հետ կապված վերջնական պարզաբանումները ձեզ ներկայացվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում, երբ Կառավարությունը վերջնական որոշում կկայացնի: Եկեք մի փոքր համբերատար լինենք եւ սպասենք»: ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը կրկին միջամտեց հարցուպատասպանին եւ դիմելով Միքայել Մելքումյանին՝ ասաց. «Ազատության հրապարակի ելույթները ոնց որ բերել եք այստե՞ղ, պարոն Մելքումյան»։