«Սերժ Սարգսյանը պետք է գա դատարան եւ ցուցմունք տա». միջնորդություն
Սերժ Սարգսյանը պետք է գա դատարան եւ ցուցմունք տա «Շանթ Հարությունյանն ու ընկերները» գործով դատական նիստի ընթացքում։ Այսօր նման միջնորդություն իր ճառում ներկայացրեց գործով անցնող Արմեն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ իր համար անհասկանալի էր Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը Կոլումբիայի համալսարանում, թե իրենք հանցագործություն են կատարել եւ պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ ինքը քաղբանտարկյալ է եւ հալածվում է գաղափարներ ունենալու համար։ Հայաստանում կա մեկ ընդդիմություն, եւ այդ ընդդիմությունը նստած է այստեղ՝ դահլիճում։ Արմեն Հովհաննիսյանը նաեւ անդրադարձավ Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի պատժաչափին՝ նշելով, որ նա պարզապես փորձել է պաշտպանել հորը, եւ եթե որդին հորը չփորձեր պաշտպանել, ավելի լավ էր որդի չունենար։ Այսօր ցուցմունք տվեց նաեւ Շահեն Հարությունյանը։ Նա նշեց, որ իսկապես խփել է ոստիկանին՝ հորը պաշտպանելու համար, չի զղջում դրա համար, եւ եթե նման իրավիճակ լինի, նորից նման կերպ կվարվի։ Այդ խոսքերից հետո Շանթը համբուրեց որդուն՝ ասելով. «Տեսեք, այսպես են դաստիարակում»։