Եվրոպացիները՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին
Հոկտեմբերի 14-ին Բրյուսել կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպում է ունեցել Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության անդամ Միրոսլավ Ռանսդորֆի հետ։ Վերջինս հատկապես կարևորել է հայ-չեխական գործարար համագործակցությունը աղբի վերամշակման և արևային էներգիայի ոլորտներում։ Այս համատեքստում Արտակ Զաքարյանը ներկայացրել է ՀՀ էներգետիկ ոլորտում առկա զարգացումները։ Հանդիպման շրջանակներում կողմերն անդրադարձել են նաև Արևելյան գործընկերության շրջանակներում տեղ գտած փոփոխություններին, կարևորել անդամ-պետություններից յուրաքանչյուրին անհատական մոտեցում ցուցաբերելը։ Միրոսլավ Ռանսդորֆը հետաքրքրվել է նաև ԵՄ և ԵՏՄ ուղղություններով համագործակցելու Հայաստանի որոշմամբ, ինչին ի պատասխան Արտակ Զաքարյանը նշել է, որ ընդունված որոշումը Հայաստանի համար ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում լավագույնն է, ինչը նաև թույլ է տալիս խուսափել Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սանձազերծելուց: Պարոն Ռանսդորֆի խնդրանքով Արտակ Զաքարյանը նաև ներկայացրել է Հայաստանում ԵՄ-ի կողմից տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը։ Հանդիպման ընթացքում Արտակ Զաքարյանը նաև անդրադարձել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին, այն փակուղի տանելու Ադրբեջանի քաղաքականությանն ու նոր պատերազմ հրահրելու Ադրբեջանի արկածախնդրությանը: «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության և Եվրոպական Խորհրդարանի ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան և ԵՄ-Վրաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի անդամ Յարոմիր Շտետինայի հետ հանդիպման ընթացքում Արտակ Զաքարյանը նշել է, որ ընթացիկ տարվա հունիսին Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, նախկին ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի հրավերով Պրահա կատարած այցի շրջանակներում հանդիպել է վերջինիս հետ և որ 2015թ. ապրիլին նախատեսվում է Շվարցենբերգի այցը Հայաստան՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումներին մասնակցելու նպատակով։ Այս կապակցությամբ Արտակ Զաքարյանը Յարոմիր Շտետինային ևս հրավիրել է այցելել Հայաստան և ներկա գտնվել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակման միջոցառմանը։ Յարոմիր Շտետինան հետաքրքրվել է նաև Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ Եվրախորհրդարանում համապատասխան բանաձևի ընդունման ուղղությամբ հնարավոր քայլերի ձեռնարկման մասին` հավելելով, որ նման բանաձևի ընդունումը հիմք կհանդիսանա, որպեսզի համապատասխան բանաձև ընդունվի նաև Չեխիայի ազգային խորհրդարանի կողմից։ Հոկտեմբերի 14-ի Արտակ Զաքարյանը նաև հանդիպում է ունեցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության և Եվրոպական Խորհրդարանի ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան և ԵՄ-Վրաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի անդամ Գուննար Հոկմարկի հետ։ Հանդիպման ընթացքում արծարծվել են հաջորդ տարի մարտին Հայաստանում «Եվրանեսթ»-ի նստաշրջանի անցկացմանը վերաբերող հարցեր: Քննարկումներ են եղել նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ու դրա դրդապատճառների, ԵՄ-ի հետ Հայաստանի հետագա համագործակցության հեռանկարների, ԼՂ հիմնահարցի, Իրանի և Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունների շուրջ։ Գուննար Հոկմարկը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության կապակցությամբ նշել է, որ տնտեսական առումով կարճաժամկետ կտրվածքով միգուցե այդ որոշումը ճիշտ էր, սակայն երկարաժամկետ առումով ԵՄ-ն Հայաստանի համար ավելի ձեռնտու կլիներ։ Նա հավելել է նաև, որ հատկապես այս համատեքստում կարևոր է, որպեսզի Հայաստանը շահագրգռվածություն ցուցաբերի ԵՄ-ի հետ հետագա համագործակցության տեսանկյունից։