«Հոկտեմբերի 10-ին հաշվարկված գործընթաց ենք սկսելու» (տեսանյութ)
Գյումրիում ոչ իշխանական եռյակի հանրահավաքին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար՝ Լեւոն Զուրաբյանն իր ելույթում հիմնական շեշտադրումն արեց մանր եւ միջին ձեռնարկատերերի եւ գյուղացիներին առնչվող խնդիրներին: Նա նկատեց. այն աստիճանի աղքատության են հասցրել գյուղացուն, որ նա իր կովն է մորթում, որ վարկերի տակից դուրս գա, միսն էլ վաճառում ընդամենը 1200 դրամով. «Մինչդեռ հայրենի պետությունն այս մադկանց բեռը պետք է վերցնի իր վրա ու թեթեւացնի գյուղացու վիճակը: Իշխանությունը սա հանգիստ կարող էր անել, բայց չի անում, քանի որ չի ուզում, որ ՀՀ քաղաքացին ու գյուղացին լինեն արժանապատիվ: Նրանք ուզում են գյուղացու հողերն իրենցով անեն, որ գյուղացին հետո գա իր մոտ, աշխատի՝ ստրուկի կարգավիճակում: ՀՀ գրեթե բոլոր մարզերի ռեզերվային հողերը իշխանություններն իրար մեջ-մեջ են արել, որ նոր գյուղատնտեսություն ստեղծեն, որ տերն իրենք լինեն, իսկ գյուղացիները բատրակի կարգավիճակում աշխատեն իրենց մոտ»: Այնուհետեւ, Լևոն Զուրաբյանը հիշեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականությունը. «Մի վարչապետ ունեինք` Տիգրան Սարգսյան, հիշո՞ւմ եք, որ շատ խելացի էր ու Գյումրին նավահանգիստ դարձնելու սիրահար: Հիշո՞ւմ եք` հարցազրույցներից մեկում ասել էր. ինչի՞ արտագաղթի դեմն առնենք, որ մնան ու հեղափոխություն անե՞ն: Այսօրվա իշխանությոնները խաբեբաների, անպարկեշտ մարդկանց հավաքածու են»: Խոսելով շրջանառության հարկի վերաբերյալ Կառավարության վերջին փոփոխություններից` Լեւոն Զուրաբյանը հավաքվածներին վստահեցրեց. «Գործադիրի նպատակը մեկն է` հանդարտեցնել բողոքի ալիքը, որ հետո ավելի մեծ ուժգնությամբ շարունակեն թալանը»: Պարոն Զուրաբյանի խոսքերով` իշխանությունները սարսափած են. «Մենք էլ իրենց տեղը լինեինք, կսարսափեին. երբ անցնում էինք Գյումրիի փողոցներով, մարդիկ ասում էին` եկեք, գնանք բոլորին քշենք»: Խոսելով հոկտեմբերի 10-ին` եռյակի միասնական հանրահավաքի մասին, նա նշեց, որ այդ օրը պետք է ստորագրվի նաեւ ԵՏՄ-ին՝ ՀՀ միանալու պայմանագիրը. «Կարծիքներ են հնչում, թե իբր մենք հատուկ ենք այդ օրը հանրահավաք անում, որ Սերժ Սարգսյանին չթողնենք ստորագրի անդամակցության պայմանագիրը: Միաժամանակ նույն մարդիկ գնում են արեւմուտք ու ասում, որ հանրահավաքը միտումնավոր է արվում, որ Սերժ Սարգսյանը գնա ու անդամագրվի ԵՄ-ին: Ո՞նց կարելի է այդպես շուռ տալ իրականությունը, նույն իրավիճակը ծախել միաժամանակ՝ երկուսի վրա: Այս ողորմելի երեւույթները վկայում են իշխանությունների վախի մասին: Իսկ հանրահավաքի օրվա ընտրության մեջ որեւէ զուգադիպություն չկա: Մեր միակ նպատակը իշխանություններին քշելն է ու ժողովրդավարության հաստատումը: Ի դեպ, հոկտեմբերի 10-ին սկսելու ենք շատ լավ հաշվարկված գործընթաց, որը բերելու է իշխանափոխության եւ արմատական փոփոխությունների»: