Բացվել է Երեւանի ամենաերկար հեծանվուղին
Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ «Կոկա-Կոլա ընկերությունը», «ՎՒՍՏԱԱ Պլյուս» ՍՊԸ-ն և «ՍԵԼԱ» մասնագիտական ցանցի` դեռևս մայիսին մեկնարկած «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ…» ծրագրով Մատենադարանի հարակից տարածքից ազդարարվել է մայրաքաղաքի առայժմ ամենաերկար հեծանվուղու բացումը: Երթուղու բացումը նշանավորվել է շուրջ 400 հեծանվորդների երթով: Մաշտոցի պողոտայից քաղաքի կենտրոնական փողոցներով մինչև Էրեբունի փողոցի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան և հետադարձ ուղղությամբ կազմված երթուղու ողջ ընթացքում հեծանվորդների անվտանգությունն ապահովել ու նրանց ուղեկցել են ճանապարհային ոստիկանության և շտապօգնության մեքենաները: Երթն անցել է առանց միջադեպերի: Այս երթուղին ունի նաև զբոսաշրջային նշանակություն, քանի որ անցնում է քաղաքի կենտրոնական հատվածներով: Երթի հետադարձ ճանապարհին` Ազատության հրապարակում, տեղի է ունեցել շոու ծրագիր, որին մասնակցել են Մոսկվայից ժամանած արհեստավարժ հեծանվորդներ, ովքեր հատուկ պատրաստված հարթակների վրա ներկայացրել են բարդ հնարքներ, այնուհետ երևանցի հեծանվորդներին ուսուցանել հնարքների մի քանի պարզ տարատեսակներ: Այս մասին հայտնում է Քաղաքապետարանի մամլո ծառայությունը։