Պահեստազորի գնդապետն այցելել է զորամասեր
Զինվորականների մարտական ոգին բարձրացնելու ու ոգեւորելու նպատակով ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Գեւորգ Ասատրյանն իր ազատամարտիկ ընկերների եւ երաժշտական դպրոցի սաների հետ սեպտեմբերի 26-28 եղել է Մարտակերտի շրջանի զորամասերի դիրքերում: Պարոն Ասատրյանը շուրջ 16 տարի եղել է պաշտպանությունում եւ իր խոսքերով` լավ գիտի` ինչ է նշանակում զինվորին ոգեշնչելը. «Մենք նրանց ասացինք, որ մեր սերունդը միշտ պատրաստ է լինել նրանց կողքին»: Նրա խոսքերով` միայն մեկ հայացքը բավարար էր` հասկանալու համար զինվորն ինչպիսի տրամադրությամբ ու պատրաստակամությամբ է իրականացնում ծառայությունը. «Զրուցելուց էլ պարզ դարձավ, որ երեխեքը ոչ մեկից ու ոչնչից չեն վախենում ու պատրաստ են մեր գործը շարունակելու»: Իրենց այցը զորամասեր ազատամարտիկները համաձայնեցրել էին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ` հաշվի առնելով նախարարի հորդորը` ցանկանալի է առանց համաձայնեցման, ինքնուրույն քայլեր չանել: Այստեղ նա հանդիպել է անգամ կուրսանտների, որոնց ինքն է դասավանդել Վազգեն Սարգսյանի անվան կրթօջախում: Գեւորգ Ասատրյանը ցանկանում է այս այցերը դարձնել շարունակական եւ հաջորդ անգամ նույնիսկ շախմատի բլից մրցաշարեր անցկացնել: