Մերժեցին (տեսանյութ)
Կառավարությունն այսօր առավոտյան խորհրդարանի 6 խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ պնդել է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ չկատարելու փաստը։ «Կառավարությունը մնաց իր սկզբունքային դիրքորոշման դիրքերում, այն է, որ օրենքը կիրառվելու է եւ մեր առաջարկած դրույթները, այն է՝ կասեցնել, շեմը բարձրացնել 58 միլիոնի, կամավորության սկզբունք կիրառել նախկին գործող եւ հիմա գործող, չընդունվեց», ասում է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։ Կառավարությունն ըստ Միքայել Մելքումյանի. հատկապես ընդդիմադիր պատգամավորներին վստահեցրել է, որ փոքր եւ միջին ձեռնարկատերերին հարկայինը անհարկի չի ստուգելու «Եթե մոնիտորինգ արվի եւ պարզվի, որ հարկերը չեն ավելանում, ի՞նչ է լինելու՝ գալու են տեսնեն՝ փաստաթուղթ կա՞, թե չկա, չէ՞»։ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի կարծիքով խնդիրը մտել է փակուղի։ Թվում էր, թե կառավարությունը հասկանում է մանր եւ միջին ձեռնարկատերերի մտահոգությունը «Իրենք ընդունում են հստակ եւ ասեցին, որ փոքր եւ միջին ձեռնարկություններ կփակվեն սրա արդյունքում, ընդունեցին»։ Ընդունում են, սակայն, ըստ պարոն Մանուկյանի, հրաժարական չեն տա, եթե 500 այդպիսի ձեռնարկություն փակվի։ Հանրապետականը հայտարարել է, որ ինքը պատասխան տվող է այս օրենքի համար «Իրենք ասում են, որ էդ գումարները, որ հիմա իրենք պետք է հավաքեն, խիստ կարեւոր են եւ եթե չհավաքեն, կլինի տնտեսական ձախողում»։ Վահրամ Բաղդասարյանը մխիթարում է ծաղիկ ու լոլիկ վաճառողներին՝ մի անհանգստացեք, ամեն ծաղիկի ու լոլիկի համար փաստաթուղթ պետք չի գալու «Ֆինանսների նախարարին մենք հորդորեցինք, որ կարողացեք ինֆորմացիան ճիշտ տարածել»։ Իսկ ի՞նչ է նշանակում անհարկի ստուգումներ չեն լինի։ Պարոն Բաղդասարյանն ասում է, որ դա չի նշանակում, թե մինչեւ հիմա ՊԵԿ-ը ստուգումներն իրականացրել է անհարկի։ Երկու-երեք ամիս կաշխատեն, նոր հարկայինը հարցեր ունենալու դեպքում կսկսի ստուգումները։