Բուդաղյանների պաշտպանը լքել է նիստերի դահլիճը (տեսանյութ)
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների գործով Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր լքել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նիստերի դահլիճը։ «Դատարանից չեմ ակնկալում արդարադատություն, քանի որ տուժողի՝ Լորետա Բարսեղյանի ամուսինը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է»,- «Ա1+»-ին ասաց Հայկ Ալումյանը։ Պաշտպանի խոսքերով՝ Սուրիկ Խաչատրյանը մարզպետ նշանակվելուց հետո շնորհակալություն է հայտնել եւ տեղեկացրել, որ դատարանի նախագահի եւ անձնակազմի հետ համագործակցում է։ Պարոն Ալումյանն այսօր ինքնաբացարկ էր հայտնել գործով դատավոր Նապոլեոն Ազիզյանին, սակայն այն մերժվել էր։ Թե որոնք կլինեն պաշտպանի հետագա քայլերը, դեռ պարզ չէ, դրանք պետք է քննարկվեն Բուդաղյանների հետ։ Գործով դատական նիստը կշարունակվի հոկտեմբերի 7-ին։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսի 2-ին Գորիսում՝ Սյունիքի նախկին մարզպետ, Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչել էին կրակոցներ: Կրակոցների արդյունքում քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացել էր, իսկ եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, գործով որպես մեղադրյալ է անցնում: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը: Գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Մեղադրյալի աթոռին Արտակ Բուդաղյանն է: