Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանի նյարդերը տեղի են տալիս (տեսանյութ)

Քաղաքականություն
ca8e24fb50f221301c4461a0a03e8b95

«Ի՞նչ ես դու ուզում, ի՞նչ ես արել, որ մինչեւ հիմա ուզում ես արա, ի՞նչ ես ուզում... Հերիք ա ստից խոսաք...»։ Այս ոճով երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովի ամբիոնի մոտ դիմում էր ԲՀԿ-ական պատգամավորներից մեկին։ Վարչապետին դուր չէր եկել պատգամավորի հարցը։ Ըստ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի, Հանրապետականի նյարդերը տեղի են տալիս. «Շատ տեսանելի է, որ, այո, խուճապ կա»։ Ըստ տիկին Սարգսյանի, հենց այս խուճապից դուրս գալու համար է Սերժ Սարգսյանը մարզպետի պաշտոնում նշանակել Սուրիկ Խաչատրյանին. «Կրիմինալը ոտքի են հանում եւ ամեն գնով փորձելու են պահել իրավիճակը»։ Համլետ Հարությունյանը վստահեցնում է՝ Հանրապետականը մտադրություն չունի ընդդիմության գլուխը ջարդել. «Գլուխ ջարդե՞լը որն ա, ինչի՞ պիտի ջարդես»։ Հովիկ Աբրահամյանի երեկվա պահվածքը եւ պատգամավորի հետ անհարգալից խոսելու տոնը Համլետ Հարությունյանը չի տեսել, բայց ընդունում է, որ էմոցիաները կարող են սրվել։ Էդուարդ Շարմազանովը երեկվա նիստի ժամանակ նախագահությունում էր եւ անձամբ վարչապետին հեռացրեց ամբիոնից, համենայնդեպս չի հիշում, որ վարչապետը պատգամավորին դիմած լինի «արա»-ով. «Պարոն վարչապետն իր կարծիքն է ներկայացրել»։ Այսօր խորհրդարանի փոխխոսնակը վստահեցնում էր, որ ԲՀԿ-ական պատգամավորի եւ վարչապետի հարց ու պատասխանը եղել է չափ ու սահմանի մեջ։ Եվ չնայած ԲՀԿ պատգամավորների ընդդիմադիր կեցվածքին, պարոն Շարմազանովը համաձայն չէ, որ նրանք արդեն ընդդիմություն են. «Հիշողություններս տեղն է, եւ բոլորս շատ լավ հիշում ենք նրանց առաջնորդի հայտնի խոսքերը, որ նրանք ընդդիմություն չեն»։