Զ. Փոստանջյանը գիտի՝ որքան է վճարել Սուրիկ Խաչատրյանը պաշտոնի համար (տեսանյութ)
ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կրկին անդրադարձավ Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելուն։ Նա նշեց, որ իրեն նամակ են փոխանցել, ըստ որի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնի համար Սուրիկ Խաչատրյանը «Արմենիա-Մարիոթ»-ում 47 մլն ԱՄՆ դոլար է փոխանցել եւ դրա տեսաձայնագրությունը կա։ Իսկ նամակը իրեն փոխանցել է Թակարդ մականունով քաղաքացին՝ նշելով, որ մարզպետի պաշտոնի մրցույթի կանոնները խախտվել են եւ իրեն խաբել են։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ հարցին կպատասխանի Հովիկ Աբրահամյանը, սակայն հավելեց. «Երանի ես պատասխանեի»։ Իսկ Հովիկ Աբրահամյանը նշեց. «Թեմաները պետք է լինեն չափի մեջ. Սա փողոցային խոսակցությունների վայր չէ»։ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ նաեւ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի՝ Աբովյան քաղաքում հնչեցրած խոսքին եւ նշեց. «Լկտի պատգամավորներին պետք է կարգի հրավիրեն եւ նրանք չափի մեջ պետք է լինեն»։ Հովիկ Աբրահամյանը ցավով արձանագրեց, որ Արամ Մանուկյանը դահլիճում չէր։