«ՄԱԿ ամբիոնում հայհոյանքներ ու վատ բառեր էլ են հնչել» (տեսանյութ)
Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանին մաքսակետի տեղադրումը կարող է հանգեցնել նոր ցեղասպանության. Համոզված է ԱԺ պատգամավոր Ալիկ Արզումանյանը. «Ես կարծում եմ, որ մաքսակետի բացումը հետզհետե դառնում է արդիական, բայց դա ուղղակի անընդունելի է»։ Պարոն Արզումանյանը կարծում է, որ նույն տրամաբանությամբ պետք է մաքսակետ տեղադրել Ռուսաստանի եւ Ղրիմի միջեւ. «Չէ, որ Ղրիմի Ռուսաստանին միանալը չի ընդունում ոչ մի պետություն, այդ թվում՝ Մաքսային Միության անդամ երկրները։ Ուրեմն եկեք իրանց ասենք, դուք էլ տեղադրեք, մենք էլ կտեղադրենք, կամ էլ ընդհանրապես չտեղադրենք»։ Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը՝ պատգամավորը եւս մեկ անգամ հիշեցրեց իր կարծիքը՝ դա ուղղակի թղթի վրա գրված է եւ ոչ ավելին. «Այդ միությունը չի կայանա։ Հոկտեմբերի 10-ին Ղազախստանը, երևի, կասի եկեք նորից բանակցենք, մտածենք ու ամեն ինչ էլի կհետաձգվի»։ Առհասարակ ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումը Ալիկ Արզումանյանը անմտություն է համարում. «Մենք մի տարի առաջ նորմալ Ռուսաստանի հետ էինք բանակցում, այսօր նա սանկցիաների տակ գտնվող մեկուսացած պետություն է։ Հիմար մի ասացվածք կա՝ «ընկերովի մահը հարսանիք է», մենք հիմա երեւի այդ ասացվածքով ենք շարժվում ու հոժարակամ գնում ընկերովի մահվան։ Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը՝ սյունիքի մարզպետի պաշտոնում, ապա պարոն Արզումանյանը սա համարում է ուղղակի ապտակ հասարակությանը. «Սա ամոթալի նշանակում է, ապտակ է, բայց այսօր հասարակության դաշտում է գնդակը, եւ մենք պետք է պատասխանենք այդ ապտակին»։ «Գրողի ծոցին» վավերացնեք Սերժ Սարգսյանի արդեն հայտնի դարձած արտահայտությունը ՄԱԿ-ի գագաթաժողովին Ալիկ Արզումանյանի համար զարմանալի չէր. «Դա ընդամենը իդիոմատիկ արտահայտություն էր, դա հայհոյանք չէր, դա արտահայտվելու ձեւ էր։ ՄԱԿ ամբիոնում ես այնքան հայհոյանքներ ու վատ բառեր եմ լսել, որ սա ուղակի քննարկման առարկա չի»։