ԱԺ-ն կքննարկի ԼՂՀ անկախությունը ճանաչելու հարցը
Սեպտեմբերի 26-ին ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում կքննարկվի «Ժառանգություն» խմբակցության կողմից ներկայացված «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշման նախագիծը, որի քննարկման ժամանակ, որպես հիմնական զեկուցող հանդես է գալու ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ (ԱՐՑԱԽԻ) ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով միջազգային և ռազմաքաղաքական իրադրությունը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների նկատմամբ սպառնալիքներն ու մարտահրավերները՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը: 2. Բացառել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների պետական սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից անցակետերի (սահմանապահ, մաքսային և այլն) տեղակայումը: 3. Բացառել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Ադրբեջանի Հանրապետության սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից զինված ուժերի տեղակայումը: 4. Բացառել Հայաստանի Հանրապետության անդամակցությունը կամ միավորումը որևէ կառույցի, որը կվտանգի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների ինքնիշխանությունը և/կամ տարածքային ամբողջականությունը: Հարգանոք՝ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն