Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում աչքալուսանք են տալիս արտագաղթելու համար (տեսանյութ)

Քաղաքականություն
narine

Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանի սպասելիքները Հայաստան-Սփյուռք համաժողովից մեծ էին: «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց, որ մասնակցել է համաժողովին` բարձրացնելու ՀՀ-Սփյուռք կապի եւ Ցեղասպանության հարցեր. «Մենք ավելի շատ սպասում էինք գործնական արդյունքների, սակայն բավականին թերություններ կային: Մարդիկ սպասում էին, որ կենտրոնական հանձնախումբը, որ երկու տարի առաջ ստեղծվել էր, պետք է արդյունք ցույց տար, բայց շատերի տպավորությամբ նման աշխատանք չէր կատարվել, որ մարդիկ իմանային` ինչի մասին պիտի խոսվեր ու ինչ արդյունքի են հասել»: Ըստ նրա` պետք է ունենալ հստակ ռազմավարություն, ու դրա հիման վրա լինի մարտավարություն, որը համապատասխանի ժամանակի շնչին. «Եթե չեղավ այդ ռազմավարությունը, բոլոր աշխատանքները լավն են, բայց դրանց արդյունքը կդառնա շատ սահմանափակ»: Ինչ վերաբերում է արտագաղթին, որը մեծ չափերի է հասել ՀՀ-ից դեպի ՌԴ կամ ԵՄ երկրներ, ապա պարոն Հակոբյանը այն ցավալի երեւույթ է համարում, սակայն նրա համար ավելի վատ է, երբ ՀՀ-ում կան մարդիկ, որոնք ասում են` ՀՀ-ում արտագաղթ չկա. «Կան մարդիկ, որոնք ասում են, թե դա բարիք է, ես անուններ չեմ տա: Հենց վերջերս նման բան եղել է, անհատներ, որոնք անծանոթ մարդիկ էլ չեն: Մտահոգությունը դեռ այն չէ, թե այդքան մարդ է լքել հայրենիքը, խնդիրն այն մտայնությունն է, որ դուրս գան անպայման երկրից»: Նա պատմեց երեւանցի երկու տաքսու վարորդների խոսակցությունը. «Բարեւ-Աստծու բարեւից հետո նրանցից մեկն ասաց` ինչ կա-ինչ չկա, մյուսն էլ, թե` մյուս տղայիս էլ ուղարկեցի Ֆրանսիա, եւ այս մեկն ասաց` աչքդ լույս: Այս հոգեբանությունը պիտի դուրս գա, թեեւ ես չեմ մեղադրում այս տաքսու վարորդներին, քանի որ նրանք նկատի ունենալով առօրյան են ասում այն, ինչ մտածում են»:   Զրույցի մանրամասները՝ տեսանյութում