Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իսկ եթե դատավորի հորը ծեծեի՞ն իր աչքի առաջ» (տեսանյութ)

Հասարակություն
0aaa03e285d6ea5b362581d559bc32a9

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների ողբերգությունը կայանում է նրանում, որ նրանք չունեն քաղաքական եւ քաղաքացիական մեծ աջակցություն։ Այսօր կարծիք հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի  նախագահ Ավետիք Իշխանյանը՝ ավելացնելով, որ Շանթ Հարությունյանին համարում է չհարմարվող տեսակ։ Այսօր Ավետիք Իշխանյանին, սակայն, ավելի շատ անհանգստացնում է Շանթ Հարությունյանի անչափահաս որդու՝ 15 -ամյա Շահեն Հարությունյանի ճակատագիրը։ Գործով մեղադրողը միջնորդել է նրան դատապարտել 5 տարվա ազատազրկման։ «Հարցրեք դատավորին, եթե իր հորը ծեծեին իր աչքի առաջ, արդյոք նա որեւէ քայլ չէ՞ր ձեռնարկի։ Ինչ -որ չափով սա ինձ հիշեցնում է 2004 թ. ապրիլի դեպքերը, երբ Էդգար Առաքելյանին խփել էին եւ ատամները թափվել էր, նա պլաստմասե շշով խփել էր, եւ դրա համար նրան դատեցին»,- հիշում է Ավետիք Իշխանյանը։ «Բարեփոխում» ՀԿ նախագահ, հրապարակախոս Կարինե Հակոբյանն էլ համոզված է՝ Շահեն Հարությունյանը շատ զուսպ երեխա է, պարզապես այդ օրը նրան հանել են հունից. «Այն դեպքն է, որ դատարանը պետք է լինի բարեհոգի եւ մարդկային: Նա երիտասարդ սերնդի այն մասն է, ում վրա կարելի է հույս դնել, եթե հանկարծ պատերազմական գործողություններ սկսվեն»: Անդրադառնալով հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի դատավարությանը, պարոն Իշխանյանը նշեց, որ այս թեմայով խոսում է առաջին անգամ, քանի որ մյուս կողմն էլ կորցրել է երկու տղայի։ «Վարդան Պետրոսյանի հետ նույնպես հաշվեհարդար է տեղի ունենում, միայն այն, որ խափանման միջոցը չի փոխվում։ Կալանքի տակ պահելը ցույց է տալիս վերաբերմունքը եւ այդքան էլ նրա մեղքը չի եղել։ Գուցե իշխանությունները սպասում էին ինչ-որ առաջարկի»,- ավելացրեց Ավետիք Իշխանյանը։ Իսկ հրապարախոս Կարինե Հակոբյանը, ով հետեւել է դատավարությանը, նշեց, որ Վարդան Պետրոսյանը իրականում զոհ է եւ նրա առողջական վիճակը խաթարվել է։