Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շուտով. «Անահիտ» մուլտֆիլմը՝ «Դիսնեյ»-ի չափանիշներով

Մշակույթ
аnahit

Ղազարոս Աղայանի առաջին անիմացիոն էկրանավորումը՝ «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը, մեծ էկրան կբարձրանա դեկտեմբերին: Մուլտֆիլմն այժմ գտնվում է հետարտադրական փուլում: Օրեր առաջ կայացել է ֆիլմի նախադիտումը, որին ներկա էին ստեղծագործական անձնակազմը: Հայկական առաջին լիամետրաժ հեքիաթի երաժշտական էկրանավորումն իսկական նախամանորյա նվեր կլինի թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար: Մուլտֆիլմը նկարահանվել է անիմացիայի միջազգային չափանիշներին համապատասխան եւ որակական նոր հարթություն է բերելու հայկական մուլտարտադրություն: «Մենք պահպանել ենք հեքիաթի հիմնական լեյտմոտիվը` համբերատար ու բանիմաց գեղեցկուհի Անահիտը Վաչագան թագավորին արհեստ գնահատել է սովորեցնում: Ի վերջո արքան միայն այն մարդը չէ, որը թագավորում է, այլ այն մարդն է, որը արարել ու կառուցել գիտի: Ու նաեւ սիրել»,- ասում է Դավիթ Սահակյանցը: Էլ ինչ հեքիաթ առանց բարու և չարի հավերաժական պայքարի. չարագործների դերը «Անահիտ» մուլտֆիլմում վերապահված է Ազարին ու Էնվերին: Ի դեպ, մուլտֆիլմի երկրորդական հերոսները մանրակրկիտ մշակման են ենթարկվել: Գործող անձանց շարքերում են գուշակ Պետրոսը, կախարդական աղբյուրից ծնունդ առած Անդոկ ձին, հավատարիմ Զանգի շունը: «Անահիտ» մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Վարդան Զադոյանը: Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաեւ «Ակունք» ազգագրական համույթը: Ռեժիսորներն են Դավիթ Սահակյանցն ու Լյուլյա Սահակյանցը: Պրոդյուսերական աշխատանքներով զբաղվում է «Շարմ Հոլդինգ»-ը: Սցենարի հեղինակներն են՝ Նաիրա Սահակյանցը, Լյուլյա Սահակյանցն ու Դավիթ Սահակյանցը, երկխոսությունների հեղինակներն են Վահրամ Սահակյանն ու Լևոն Գալստյանը: Մուլտֆիլմի բեմադրող նկարիչն Էռնեստ Մուրադյանն է, իսկ կոմպոզիտորներն են Արմեն Մարտիրոսյանը եւ Վարդան Զադոյանը: Երեւանյան պրեմիերայից հետո «Դիսնեյ»-ի չափանիշներին համապատասխանող «Անահիտ» մուլտֆիլմը ցուցադրվելու է միջազգային հեղինակավոր փառատոններում: «Շարմ» հոլդինգ