21 համայնքում մեկնարկել են տեղական ընտրությունները․ որոշ համայնքներում մրցակցությունը թեժ է, որոշներում՝ բացակայում
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Հայաստանի 21 համայնքում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ առավոտյան ժամը 08։00-ին բացվել են բոլոր 517 ընտրական տեղամասերը, և քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով։
Ընտրություններն անցկացվում են երկու ընտրակարգով․ 19 համայնքում՝ համամասնական, իսկ Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում՝ մեծամասնական։
Համամասնական ընտրակարգով քվեարկություն է անցկացվում Արտաշատում, Արմավիրում, Արաքսում, Գավառում, Մարտունիում, Վարդենիսում, Հրազդանում, Ծաղկաձորում, Գառնիում, Արթիկում, Ախուրյանում, Գորիսում, Մեղրիում, Եղեգնաձորում, Վայքում, Ջերմուկում, Իջևանում, Դիլիջանում և Ստեփանավանում։
Ընտրական այս փուլում համայնքների միջև պատկերը տարբեր է․ Ստեփանավանում, Մեղրիում, Մարտունիում, Արթիկում և Արտաշատում մրցակցությունը թեժ է, մինչդեռ Արմավիրում, Գառնիում և Վայքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քվեաթերթիկում միակ ուժն է։
Ընտրություններից մեկ օր առաջ Արթիկում և Մարտունիում ընդդիմադիր ուժերը հայտնել էին իրենց թիմակիցների բերման ենթարկելու մասին։ Նրանց թվում են Արթիկում «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և Մարտունիում «Մեր համայնքը» դաշինքի թեկնածու Արամ Կարապետյանը։
Լրատվամիջոցները հաղորդել էին նաև Եղեգնաձորի ընդդիմադիր քաղաքապետ Դավիթ Հարությունյանի, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանի և ավագանու երեք անդամների բերման ենթարկելու մասին։
Ստեփանավանում ևս ընտրակաշառքի գործով ձերբակալություններ են եղել։ Նույն գործի շրջանակում ավելի վաղ ձերբակալվել էին համայնքի ղեկավարի ընդդիմադիր թեկնածու Արսեն Գևորգյանն ու նրա 13 աջակիցները։
Ընդդիմադիր ուժերը, սակայն, մեղադրանքներն անհիմն են համարում և հայտարարում, որ վստահ են իրենց հաղթանակի հարցում՝ անգամ թեկնածուի կալանավորված լինելու պայմաններում։
Ընտրարշավի վերջին օրը «Ականատես» դիտորդական առաքելությունը Ստեփանավանում արձանագրել էր բարեգործության արգելքի առերևույթ խախտման դեպքեր։ Ըստ դիտորդների՝ միավորվող երկու համայնքների գործող ղեկավարները՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Արայիկ Ներսիսյանը և «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը, Ուսուցչի օրվա առիթով մանկավարժների համար հյուրասիրություն էին կազմակերպել և ծաղիկներ նվիրել։