«Բարեւ, Ռոբ». Բռնություն «Ա1+»-ի լրագրողի նկատմամբ (տեսանյութ)
«Բարեւ, Ռոբ» գրությամբ պաստառը 5 րոպեով հայտնվեց ԱԺ շենքի դարպասների վրա։ «Հակահարված» արթ -խումբը իր ակցիայով հիշեցնում էր, թե ինչպես 13 տարի առաջ «Առագաստ» սրճարանում «Պրիվետ, Ռոբ » ասելու համար՝ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծվեց եւ սպանվեց Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանը։ «Բարեւ, Ռոբ» կոչը փակցողներն այսօր բռնության չենթարկվեցին, բայց պաստառը մի քանի րոպե անց գետնին հայտնվեց ԱԺ-ի անվտանգության աշխատակցի կողմից։ Չներկայանալ ցանկացող տղամարդը խոչընդոտեց նաեւ «Ա1+»-ի լրագրողի աշխատանքը՝ խլելով տեսախցիկը։ Անվտանգության աշխատակիցը անհարգալից խոսեց նաեւ մյուս լրագրողների հետ։ Ավելի ուշ նա փորձեց մեղմացնել իրավիճակը՝ «Ա1+»-ի լրագրողին ասելով, թե ուղղակի մի քիչ կոպիտ է վարվել։ Սա «Հակահարված» խմբի ԱԺ-ի մոտ անցկացրած թվով հինգերորդ ակցիան էր։ Հիշեցնենք, որ «Պրիվետ, Ռոբի» համար քաղաքացուն սպանած ՝ Կուկու մականունով թիկնապահ Աղամալ Հարությունյանը դատապարտվել էր ընդամենը պայմանական ազատազրկման։ Լուսանկարը՝ hetq.am