«Մեծ եղեռնի հարցով պետք է հասնենք մինչև Եվրադատարան». ԲՀԿ պատգամավոր (տեսանյութ)
«Հայաստանը պետք է դուրս գա զոհի կարգավիճակից»,- անդրադառնալով Մեծ եղեռնի 100- ամյա տարելիցին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը։ «Մենք պետք է վերջապես դառնանք պահանջատեր, ազգովի հստակ սահմանենք մեր պահանջները ու դա ներկայացնենք Թուրքիայի իշխանություններին»,-նշեց նա։ Պարոն Ախոյանի կարծիքով՝ սխալ է հույսը այլ պետությունների վրա դնելը, վաղուց ժամանակն է, որ մենք գործենք. «Մենք պետք է փոխենք մեր ռազմավարությունը և դատական պրոցեսներ սկսենք հենց Թուրքիայում և եթե պահանջվի՝ հասնենք մինչև Եվրադատարան»։ Պատգամավորը հիշեցնում է, որ Եղեռնի 100-ամյա տարելիցը լավագույն առիթն է, որպեսզի մենք ամբողջ ուժով բարձրացնենք մեր բողոքի ձայնը. «Էրդողանը կարող է այդ օրը Հայաստան գա, անգամ հուզվի կամ էլ կարող է չգալ, բայց դա մեզ հետ կապ չունի։ Սա մեր բողոքն է, մեր ցավը ու մենք պետք է այդ օրը մեր բողոքի ձայնը եռապատկենք, այլ ոչ թե յուրաքանչյուր ապրիլի 24-ի նման գնանք ծաղիկ դնենք, իսկ ապրիլի 25-ին արդեն մոռանանք»։ Ինչ վերաբերում է Հունաստանի խորհրդարանում այսօր քննարկվող՝ հայերի և հույների ցեղասպանության մասին օրինագծին՝ պարոն Ախոյանը տեղեկացրեց, որ ըստ ամենայնի օրինագծի քվեարկությունը այսօր ժամը յոթին է լինելու։ Օրինագիծը քրեական պատասխանատվություն է նախատեսում ցեղասպանությունը ժխտողներին։