«Ախորժակի» արդյունքում 300 քաղաքացի ջուր չունի (տեսանյութ)
Արդեն 20 օր է Վերին Շենգավիթի 11 փողոցի մոտ 300 բնակիչ ջուր չունի։ Սրտի ստենդավորման ենթարկված Օլյա տատը չի կարողանում զսպել զայրույթն ու հուզմունքը, ինֆարկտ տարած 85 ամյա ամուսինը ստիպված օրական մի քանի անգամ ծանր տարաներով ջուր է կրում տուն։ Ջուրը խողովակներով չի հասնում նաև թոշակառու Հրանտ Վիրաբյանի բնակարան։ Նա եւս օգտվում է հարևան թաղամասի ցայտաղբյուրից։ Այս մարդիկ ջրից զրկվել են միայն նրա համար, որ «Երևանջուր» ընկերությունը հարեւան փողոցում ջրագիծ է անցկացնում, որից պետք է սնվի նաև 11-րդ փողոցը։ Խողովակի ծախսը դրվեց բնակիչների վրա։ Սակայն ինչպես ասում են ախորժակն ուտելուց է բացվում։ Անհրաժեշտ գումարը հավաքելուց հետո, ջրամատակարարում իրականացնող ընկերությունը բնակիչներից պահանջել է վճարել նաև պահեստամասերի և շինարարական աշխատանքի համար։ Ստեղծված անմխիթար իրավիճակից դուրս գալու համար Վերին Շենգավիթ 11 փողոցի ջրազրկված քաղաքացիները դիմել են տարբեր գերատեսչությունների, սակայն, իրենց խոսքով, բոլորն էլ արհամարհում են։