Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրազդանի կիրճի ճանապարհը նորոգվում է

Հասարակություն
ճանապարհ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հրազդանի կիրճի փլուզված ճանապարհահատվածի վերականգնման ուղղությամբ իրականացվում են վերակառուցման աշխատանքներ: Մասնագիտական ուսումնասիրությունից և նախագծային աշխատանքներից հետո մեկնարկել են շինարարական բուն աշխատանքները: Ամբողջությամբ վերակառուցվելու է ճանապարհային հանգույցը՝ ներառյալ տարածքում առկա ջրահեռացման համակարգը: Շինաշխատանքների ընթացքին տեղում հետևել և ծանոթացել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Պատասխանատուները զեկուցել են, որ ապամոնտաժվել են փլուզման հիմնական պատճառ դարձած նախկին մետաղական կոնստրուկցիաները և այժմ կատարվում է ճանապարհի լիցք, որից հետո կկառուցվեն պատնեշներ: Նախագծային լուծումների համաձայն՝ խողովակաշարը շարունակություն կունենա դեպի Հրազդան գետ, կբետոնապատվի և այդպիսով արտաքին, ինչպես նաև ստորգետնյա ջրերի հոսքը կուղղորդվի գետ՝ խուսափելով նաև վարարումների ժամանակ հնարավոր փլուզումից և ունենալով ապահով ու անվտանգ ճանապարհահատված: Քաղաքապետի առաջին տեղակալը տեղում պատասխանատուներին համապատասխան հանձնարարականներ է տվել և ընդգծել, որ աշխատանքները պետք է ավարտվեն համաձայն սահմանված ժամանակացույցի: «Քանդման սկզբնական աշխատանքներից հետո ի հայտ եկան որոշակի խնդիրներ, որոնց պարագայում միայն փլուզված հատվածի վերականգնումը չէր կարող խնդրին վերջնական լուծում տալ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձեռնամուխ եղանք խնդրի հիմնովին լուծման աշխատանքներին և որոշվեց այս հատվածում իրականացնել վերակառուցման աշխատանքներ: Սա իսկապես շատ կարևոր ծրագիր է ինչպես մեր համաքաղաքացիների անվտանգ երթևեկի ապահովման, այնպես էլ ճանապարհի պահպանման տեսանկյունից: Վերակառուցման շնորհիվ մենք ամբողջությամբ լուծում ենք ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող խնդիրը»,-ընդգծել է Կամո Արեյանը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն