Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է ասում, որ Երևանը 2796 տարեկան է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
nOCPn5yfLNE

Շինարարական փոշու եւ աղբի մեջ վերափոխվող մայրաքաղաքի ո՞ր շենքն այսօր թեկուզ 200 տարվա պատմություն ունի։ Այս հարցը «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Բաղդասարյանն ուղղում է այսօր մայրաքաղաքը փուչիկներով և արհեստական թիթեռներով զարդարող պաշտոնյաներին; 1839 թվականին կառուցված սպայի տունը, օրինակ, տեսել է Հայաստանի խորհրդայնացումն ու անկախացումը, ընդունել Խաչատուր Աբովյանին, դարձել է թատրոնի և կինոյի շենք, այնուհետ ծառայել իբրեւ զինվորականների կացարան, սակայն քանդվեց անկախ Հայաստանում։ 175 տարվա պատմություն ունեցող հուշակոթողը, քաղաքային իշխանությունը 2005 թվականին որոշեց ու փոխարինեց էլիտար շենքով և պիցերիայով։ Այստեղից է Խաչատուր Աբովյանը դուրս եկել ու չի վերադարձել, բակում կար կաղնի ծառ, որը Խաչատուր Աբովյանը իր ձեռքով էր տնկել։ Քաղաքի մյուս հատվածում՝ Վազգեն Սարգսյանի փողոցի հարեւանությամբ, ժամանակին նաև Գիլանյանի լիմոնադի հայտնի գործարանն էր, որը նույնպես պատմամշակութային հուշարձան էր համարվում։ «Ժամանակին մշակույթի նախարարությանը մեր կազմակերպությունը նամակով հայտնել է, որ գործարանը և Սպայի տունը քանդվել է առանց մշակույթի նախարարության համաձայնության»,- հիշում է Սեդրակ Բաղդասարյանը։ Այս ամենից հետո, ըստ Սեդրակ Բաղդասարյանի, առնվազն պետք է քրեական գործ հարուցվեր։ Մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը հաղորդեց, որ այս երկու շենքերի քարերը գտնվում են «Ռենկո» ընկերության տարածքում: Քաղաքային իշխանությունները մտադիր են շենքերը վերականգնել Հին Երեւան նախագծում՝ Արամի եւ Բուզանդի փողոցներում: Հիշեցնենք, որ այս նախագիծը պետք է իրականացվեր դեռ 2007 թվականին, առավել ակտիվորեն նրա մասին խոսում են հատկապես երբ նոր հուշակոթող է քանդվում մայրաքաղաքում, բայց այդպես էլ այն կյանքի չի կոչվում: Ավելին՝ տեսանյութում