Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիան սպասում է Հայաստանի և Ադրբեջանի պատասխանին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ՀՀ-ֆրանսիա-դրոշ

«Ֆրանսիան ակնկալում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման բոլոր պայմաններն իմի կբերվեն և արված առաջարկները կյանքի կոչվեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Հիշեցնենք, որ նախագահների հանդիպման մասին այս տարի առաջինը խոսեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Մայիսի 12-13-ին պետական այցի ժամանակ նա պատրաստակամություն էր հայտնել Ֆրանսիայում կազմակերպել երկու երկրների նախագահների հանդիպումը: Դեսպանը հավելեց, որ ամեն ինչ կախված է հակամարտող կողմերի կամքից. «Այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստակամություն կհայտնեն հանդիպել նախագահների մակարդակով, Ֆրանսիան իր կողմից արված բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռք կառնի»,- ընդգծեց պարոն Ռենոն։ Դեսպանը չցանկացավ մեկնաբանել ԵԱՀԿ ԱՄՆ համանախագահ Ջեյմ Ուորլիքի այն հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղը շրջապատող «գրավյալ տարածքները» պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը. «Ցանկացած բանակցային գործընթաց, եթե ցանկանում ենք, որպեսզի արգասավոր լինի, պետք է գաղտնիություն պարունակի։ Ես որպես մի երկրի դեսպան, որը ստանձնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությունը, ձեռնպահ եմ մնում որևէ մեկնաբանություն տալ նմանաբնույթ հարցերին։ Այդ առաքելությունն իրականացնող թիվ մեկ պաշտոնյան, Ֆրանսիան ներկայացնող համանախագահն է, դա իր իրավասությունն է, այլ ոչ թե դեսպանի»։ Անդրադառնալով հակամարտության հանգուցալուծմանը՝ դեսպանը նշեց. «Հավատ եմ տածում առ այն, որ կողմերը երկուստեք ցանկանում են վերջապես հանգել խաղաղ լուծման տարբերակին, որովհետև ԼՂ հակամարտությունը չունի այլընտրանքային լուծում, քան խաղաղ կարգավորումը»։ Պատասխանելով «Ա1+»-ի այն հարցին, թե արդյոք սահմանային լարվածությունը չի՞ անհանգստացնում ֆրանսիացի գործարարներին և զբոսաշրջիկներին՝ պարոն Ռենոն հիշեցրեց Ֆ. Օլանդի այցելությունը, երբ տնտեսական ֆորումի ժամանակ նախագահը հորդորեց գործարարներին իրենց ուշադրությունը կենտրոնացնել Հայաստանի վրա. «Որպես նախաքայլ այդ ներդրումային քաղաքականության՝ շատ շուտով, աշնանը «Քարֆուր»-ի առաջին խանութը կբացվի Երևանում։ Ես անցյալ շաբաթ ընդունել եմ ֆրանսիական գործարարների, որոնց Հայաստան էր բերել հենց ձեր երկրի նկատմամբ հետաքրքրությունը, արդյունքում ես պարզում եմ հետևյալը՝ ավելի ու ավելի հաճախ են կազմակերպվում գործարար հանդիպումներ, համաժողովներ»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ անհանգստություն չկա նաև զբոսաշրջիկների շրջանում. նրանց թիվը գնալով ավելի է մեծանում։