Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնապահպանները հնարավոր է բողոքի ակցիա կազմակերպեն (տեսանյութ)

Հասարակություն
screenshot00001

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության և գնահատման փորձաքննության մասին» ՀՀ օրենքը պետք է վերանայվի։ Այս պահանջով բնապահպանները նամակով դիմել են Սերժ Սարգսյանին։ Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը, ով մասնակցել է օրենքի մշակման գործընթացին, նկատում է, որ օրենքում առկա են մի շարք մեթոդաբանական սխալներ. «Դեռ օրենքի մշակման ընթացքում եղավ պայմանավորվածություն, որ այս օրենքը պետք է ներկայացվեր հաստատման միայն ենթաօրենսդրական ակտերի, կառավարական որոշումների ու նախագծերի հետ միասին, որոնք վերաբերում էին և հանրային լսումներին, և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մեթոդոլոգիային, վնասի գնահատման մեթոդոլոգիային և այլն, բայց այս բանավոր պայմանավորվածությունը խախտվեց և փաստորեն օրենքը ընդունվել է առանց սրանց, և հետագայում հարց է առաջանում, թե ենթադրենք ինչ կառավարական որոշում պետք է ընդունվի հանրային լսումների ընթացակարգի վերաբերյալ, երբ չկա ոչ մի ենթաօրենսդրական ակտ»։ Պարոն Գալստյանը ցավով է նկատում, որ Հայաստանում ինչպիսին էլ լինեն օրենքները, դրանք հիմնականում չեն գործում. «Ես մասնակցում էի օրենքի մշակմանը այն հույսով, որ որևէ փոփոխություն կլինի, բայց ես տեսա, թե ինչպես նոր օրենք մշակողները խախտում են մի շարք օրենքներ և ոչ մի պատասխանատվություն։ Ինչ էլ որ անենք, նման համակարգի պայմաններում ոչ մի օրենք էլ չի գործելու։Մեզ համակարգային փոփոխություններ են պետք»։ Բնապահպանները դեռ հստակ չեն որոշել, թե Սերժ Սարգսյանի կողմից օրենքի ստորագրումից հետո ինչ քայլեր են անելու, բայց վստահեցրին, որ բողոքի ցանկացած ձև կրելու է խաղաղ բնույթ։ Բնապահպանները չեն ուզում կենտրոնանալ այն փաստի վրա, որ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը  կառավարությանը առաջարկել է «Դիլիջան» ազգային պարկի տնտեսական գործունեության  համար նախատեսվող տարածքից 1,3932 հա տարածք հանձնել «Քեմփ Վենչուրս» ՓԲԸ-ին։ «Պետք չէ կենտրոնանալ սրա վրա, քանի որ այդ ընկերությունը իր տարածքից 1,3932 հա պատրաստ է փոխանակել նույն մակերեսով անտառապատ տարածքի հետ։ Պետք է ավելի շատ ուշադրություն հատկացնել այն փաստին, որ մինչ սա ՝ պետական եկամուտների կոմիտեին տրամադրեցին 23 հեկտար, կենտրոնական բանկին տրամադրեցին տարածք,ինչ-որ մեծ շինարարություն իրականացնելու համար։ Չգիտես ինչու, երբ պետական մարմիններին են տրամադրում, աղմուկը քիչ է»,-նկատում է  Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը։ «Մինչև ընկերության տված տարածքը անտառ դառնա,  90 տարի պետք է։ Մենք առաջարկել էինք, որ անտառային տարածքները փոխելը պետք է լինի ոչ միայն կառավարության որոշումով,այլ նաև ԱԺ-ի, բայց ոչ մի բան էլ չփոխվեց»,-վրդովված եզրափակեց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանը։