Երիտասարդ նկարիչները չեն բացառում, որ կլքեն հայրենիքը
Ազգային գեղագիտության կենտրոնում 3 օր շարունակ կցուցադրվեն երիտասարդ նկարիչներ Լիլիթ Թադևոսյանի, Աստղիկ Վարդանյանի, Արամ Խաչատրյանի ու Ժորա Գասպարյանի գեղանկարները: Այս չորս երիտասարդներին միավորել է արվեստի հանդեպ ունեցած անսահման սերը: «Մեզ միավորում են արվեստի մասին միևնույն պատերացումները, բայց մենք անհատական մտային ֆորմաներ ունենք: Սա իմ առաջին ցուցահանդեսն է Հայաստանում:Այստեղ ներկայացված իմ կտավներից կառանձնացնեմ «Մարիան», որտեղ նկարել եմ ցուցահանդեսի համար նախօրոք նկարահանված փոքրիկ հոլովակի իմ հերոսուհուն»,-անկեղծացավ քսանչորսամյա Արամը: Լիլիթը չի շտապում որևէ կտավ առանձնացնել: Նրա ոգեշնչման աղբյուրը հենց նկարչությունն է, բայց խոստովանում է, որ Հայաստանում երիտասարդ նկարիչները բազմաթիվ խնդիրներ ունեն.«Պետությունը ոչինչ չի անում: Արվեստագետները աշխատանք չունեն, արվեստի բուհերը շատ թանկ են և երիտասարդներին չի տրամադրվում անհրաժեշտ տարածքներ, որտեղ մատչելի գներով հնարավոր կլինի արվեստանոցներ ստեղծել: Ես այսօր պետության դերը արվեստագետի կյանքում չեմ տեսնում»,-նկատում է նա: Աստղիկը իր «Քուն» կտավը նկարել է վերջերս և ցուցահանդեսում ներկայացված իր աշխատանքներից հատկապես առանձնացնում է հենց այդ նկարը։ « Նկարել եմ միայն վերջերս, բայց ափսոս ցուցասրահը հնարավորություն չի տալիս այն ներկայացնել այնպես, ինչպես ես եմ ուզում, քանի որ նկարը պետք է պտտվեր և այդ ընթացքում քնած մարդը արթնանար»,-պատմում է նկարչուհին: Իսկ ահա Ժորային ոգեշնչում է այն ամենը , ինչը նրան հուզում է և մտածելու տեղիք տալիս.«Օրինակ՝ ես շատ հավանեցի երիտասարդ գրող Մերի Մկրտչյանի գործերից մեկը և դա նկարեցի: Երիտասարդ նկարիչները մշտապես արտահայտվելու, ներկայանալու և վաճառվելու կարիք ունեն: Ցանկացած երկիր պետք է բարձրացնի սեփական արվեստագետներին, քանի որ նրանք են արտահայտում և ներկայացնում սեփական ազգի դեմքը: Այսօր մեզ մոտ դա չկա»,-նշեց է նա: Երիտասարդները չեն բացառում, որ կատարելագործվելու, ներկայանալու նպատակով գուցե հեռանան Հայաստանից, բայց հայրենիք վերադառնալը նրանց պլաններում դեռ կա: