Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻՖԱ-ն տուգանեց Ալժիրին

Սպորտ
sport-alzir

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 50 հազար շվեյցարական ֆրանկով` երկրպագուների վատ պահվածքի համար: Ինչպես տեղեկացնում են ալժիրյան լրատվամիջոցները, ՖԻՖԱ-ն նման որոշում կայացրել է աշխարհի առաջնության Ալժիր – Ռուսաստան խաղում տեղի ունեցած միջադեպի համար, երբ հանդիպման 60-րդ րոպեին ալժիրցի երկրպագուներից մեկը լազերային ճառագայթներ էր գցել ռուսների դարպասապահ Իգոր Ակինֆեեւի աչքերին: Ի դեպ, հենց այդ դրվագում էլ Ալժիրի հավաքականը հավասարեցրել է խաղի հաշիվը, որն էլ նրան հանել է փլեյ-օֆֆ: Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես ներողություն է խնդրել այդ միջադեպի համար եւ երկրպագուներին հորդորել է այսօր Գերմանիայի ընտրանու հետ կայանալիք հանդիպման ժամանակ զերծ մնալ նման քայլերից: Ի դեպ, ալժիրցի երկրպագուներից պետք է զգույշ մնան ոչ միայն մրցակցի ֆուտբոլիստները, այլեւ Ֆրանսիայի ոստիկաններն ու քաղաքացիները: Բանն այն է, որ երբ Ալժիրի հավաքականը ոչ-ոքի էր խաղացել Ռուսաստանի հետ եւ մտել 1/8 եզրափակիչ, Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, Լիոնում, Մարսելում, Գրենոբլում, ալժիրցի ֆուտբոլասերները անկարգություններ էին հրահրել, որի ժամանակ նրանք թալանել էին տասնյակ խանութներ, կանգառներ, այրել 20 ավտոմեքենաներ եւ մոտոցիկլետներ: Ինչպես նշում են ֆրանսիական լրատվամիջոցները, այսօր գիշերը Ֆրանսիայում ուժեղացվելու է ոստիկանական հսկողությունը, քանի որ սպասվում են նոր անկարգություններ ալժիրցիների կողմից` անկախ Գերմանիա – Ալժիր հանդիպման ելքից: