Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցի տնօրենը սարսափած է՝ արտագաղթի հոտ է գալիս (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
38784290

Ադրբեջանական Շամխորի շրջանից հեռացած հայերով է բնակեցված Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղը։ Հիմա հեռանում են նաեւ այստեղից, բայց ոչ Ներսիկ Պետրոսյանը. «Հնարավորություններս ներում ա, որ գնամ, բայց դե համենայնդեպս գերեզմանոց ունեմ էստեղ, հայրս, մայրս ստեղ են թաղված»։ Այս մարդը «Տապան» Էկոլոգիական ակումբի միջոցներով վերանորոգում է իր գյուղի դպրոցի պատուհանները։ Հին պատուհանները թարմացնելու նոր տեխնոլոգիաներն այնքան էլ հեշտությամբ չսովորեց։ Դպրոցի տնօրենը սարսափած է, արտագաղթի հոտ է գալիս. «Սրանց սովորացրել ես, սրանք էթալու են խոպան, գյուղը դատարկվելու ա»։ Բնապահպանական այդ կազմակերպության տնօրեն Հրանտ Սարգսյանն իր հերթին ասում է՝ մեզ էլ Կիեւից եկած մասնագետներն են սովորացրել, իսկ մենք երկրից չենք գնացել։ Նախ սովորեք։ «Տապան» Էկո-ակումբ հասարակական բնապահպանական կազմակերպության նախագահ Հրանտ Սարգսյանը ոգեւորված է՝ բարձրլեռնային այս գոտում ապրող երեխաներն այլեւս ստիպված չեն լինի սառել իրենց դասարաններում, լրիվ նոր տեխնոլոգիաներով վերանորոգում եւ ջերմամեկուսացնում ենք պատուհանները, ջերմության կորուստը բացառվելու է. «Էդ վառարանները, ինչքան քիչ վառեն, էնքան գոլորշիներն ու արտանետումները քիչ են լինելու, օդը մաքուր է լինելու երեխաների համար»։ Կազմակերպությունը նույն տեխնոլոգիաներով վերանորոգում է նաեւ Տրետուք գյուղի դպրոցի պատուհանները։ Տրետուքի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Վիլեն Արեւշատյանի կարծիքով՝ «Ստեղ ցրտի աստիճանը էդքան կարեւոր չի, բուքն ա շատ ահավոր լինում ստեղ, քամիները որ ահավոր են լինում, պատուհանների արանքից էլ որ փչեց, ցուրտ ա լինում»։ Ֆիզիկայի ուսուցիչն անձամբ է զբաղվում պատուհանները վերանորոգելով։ Գյուղ է եկել Երեւանից, այլեւս չի վերադարձել, բանակում ծառայելու փոխարեն եկել է բարձրլեռնային գյուղ ուսուցչություն անելու. «Ուզում եմ գյուղում ապրեմ, մաքուր օդ ամենակարեւորը, արդեն որ գնում եմ քաղաք, փողոցով չեմ կարում քայլեմ էդ մեքենաների ծուխից-բանից արդեն հետ եմ սովորել»։ Եվ Արեգունին, եւ Տրետուքը սահմանամերձ գյուղեր են։ Առաջինում ամենալավ տարիների համեմատ նույնիսկ 7 աշակերտով ավելացել են դպրոցականների թիվը։ Երկրորդում պակասել են ավելի քան 40-ով։