Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխատանքային գրքույկ էլ չեն պահանջի

Տնտեսություն
237

Կառավարությունում տեղի ունեցավ ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որը վարեց աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նիստին խորհրդի անդամներից բացի մասնակցում էին նաեւ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցներից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի, ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակի, Արժույթի միջազագային հիմնադրամի, Հայաստանում ԵՄ ներկայացուցչության եւ ԵՄ Թվինինգ ծրագրի ներկայացուցիչները: «Մեր գործունեության նպատակն է կրճատել, պարզեցնել բիզնեսի եւ քաղաքացիների ուսերին ընկնող կարգավորումների բեռը: Մեր առաջարկները մենք քննարկում ենք շահագրգիռ կառույցների, բիզնեսի հետ, ապա ներկայացնում Բարեփոխումների խորհրդի նիստին», - ասաց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Նա ներկայացրեց կենտրոնի՝ աշխատանքային իրավահարաբերություններին եւ բնապահպանական եւ բնօգտագործման վճարներին վերաբերող բարեփոխումների առաջարկները: Մասնավորապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների արդյունքում ստեղծվել են համապատասխան տեղեկատվական բազաներ, որոնք պետական կենսաթոշակային ոլորտում լիազոր մարմնին թույլ են տալիս այսուհետ աշխատողների աշխատանքային ստաժը ստանալ պետական կենսաթոշակային համակարգի շտեմարանից՝ ինքնաշխատ ձեւով, աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտում առաջարկվել է աշխատանքի ընդունվողների համար դադարեցնել աշխատանքային գրքույկների ներկայացման պարտադիր պահանջը, իսկ աշխատանքային գրքույկների բացակայության պարագայում աշխատանքի ընդունվողների աշխատանքային գործունեության մասին տեղեկատվությունը գործատուները պահանջեն կենսագրական բնութագրերի միջոցով: Մեկ այլ առաջարկով հանվում է գործատուի՝ բոլոր աշխատողներին աշխատավարձը վճարելիս հաշվարկային թերթիկներ ներկայացնելու պարտադրությունը, ինչը թղթատարություն եւ դրա հետ կապված ծախսեր է կրճատում: Ծախսեր է կրճատվում նաեւ՝ վերացնելով գործատուի կողմից ընդունված իրավական ակտերը ցուցատախտակների վրա փակցնելու եւ 5 աշխատանքային օր պահպանելու օրենսդրական պահանջը: Բարեփոխումների խորհրդի կողմից հավանության արժանացան նաեւ Օրենսդրության կարգավորման ազգային կենտոնի ներկայացրած մի շարք առաջարկներ, որոնք վերաբերում են բնապահպանության եւ բնօգտագործման ոլորտներին: Մասնավորապես, բնապահպանական եւ բնօգտագործման վճար վճարողներն իրենց հաշվարկ-հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն կստանան: Հաշվետվությունները ներկայացնելու համար կներդրվի նաեւ «մեկ պատուհանի» սկզբունքը: Առաջակություններն անելիս ուսումնասիրվել են ԵՄ դիրեկտիվները, Մաքսային միության մաքսային օրենսգիրքը, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Իռլանդիայի, Էստոնիայի, Վրաստանի, Լիտվայի, Լատվիայի, Ռուսաստանի Դաշնության, Կանադայի, Տանզանիայի եւ Չինաստանի փորձը: