Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

Կարևոր լուրեր Սպորտ
sport-brazilia-xorvatia

Այսօր Բրազիլիայում կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը։ Ավանդույթի համաձայն՝ մրցաշարի բացումը վստահվել է կազմակերպիչ երկրի հավաքականին։ Առաջնության անդրանիկ խաղում Բրազիլիայի ընտրանին Սան Պաուլո քաղաքի «Արենա Կորինտիանս» ստադիոնում կհյուրընկալի Խորվաթիայի ազգային թիմին։ Սա կլինի երկու թիմերի երրորդ դիմակայությունը։ 2005 թվականին կայացած ընկերական խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1։1, իսկ ահա 2006 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի մրցախաղում հաղթել էր Բրազիլիայի հավաքականը՝ 1։0։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպիչ երկրներն ընդհանրապես հաջող են սկսում մրցաշարերը։ Նախորդ 19 դեպքում դաշտի տերերն առաջին խաղում հաղթել էին 14 անգամ, իսկ 6-ն ավարտվել է ոչ-ոքի (2002 թվականին առաջնությունն անցկացվել է երկու երկրում՝ Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում)։ Բրազիլիայի հավաքականը արդեն երեք անգամ մասնակցել է աշխարհի առաջնությունների բացման հանդիպումներին։ Բրազիլացիները երկու դեպքում հաղթանակ են տարել (1950թ. Մեքսիկայի հետ՝ 4։0, 1998թ.՝ Շոտլանդիայի հետ՝ 2։1), իսկ մեկն ավարտվել է ոչ-ոքի (1974թ. Հարավսլավիայի հետ՝ 0։0): Բրազիլացիները հաղթանակով են սկսել վերջին 8 աշխարհի առաջնությունները։ Բուքմեյքերները հանդիպման բացահայտ ֆավորիտ են համարում Բրազիլիայի հավաքականին, որի հաղթելու հնարավորությունը 7 անգամ բարձր են գնահատում Խորվաթիայից։ Հավելենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնության բացման հանդիպումը կկայանա այսօր՝ ուղիղ կեսգիշերին։ Խաղը վստահվել է ճապոնացի մրցավարներին՝ Յուիչի Նակամուրայի գլխավորությամբ։ Նրանց կփոխապահովի իրանցի Ալիռեզա Ֆահանին։