Մեր մարզիկներն ավարտել են մրցելույթները
Հունիսի 4-13-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթանում է հրաձգության «Աշխարհի գավաթը»: Հունիսի 11-ին տեղի ունեցած մրցաձևերում մեր մարզիկները գրանցել են հետևյալ արդյունքները. Օդամղիչ ատրճանակ, 10մ վարժությունում (60 կրակոց) ՝ Զավեն Իգիթյանը 117 մրցակիցներից 568 միավորով գրավել է 73-րդ տեղը: 15-ամյա Զավենն այս մրցաձևի ամենակրտսեր մասնակիցն է: Զավենի անձնական մարզիչն է Խորեն Իգիթյանը: 50մ, հրացան 3 դիրքից վարժության (40+40+40 կրակոց) տղամարդկանց պայքարին առաջին խմբում մասնակցել է 57 հրաձիգ, որտեղ Հրաչիկ Բաբայանը 1121 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 54-րդ հորիզոնականը և չի անցել կիսաեզրափակիչ, Քրիստիան Լաուերին նույնպես չի հաջողվել անցնել հաջորդ փուլ: Այսքանով մեր մարզիկներն ավարտել են մրցելույթները և հայրենիք կվերադառնան հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը: Հայաստանի հրաձգության թիմն «Աշխարհի գավաթ»-ին մասնակցում էր գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: «Աշխարհի գավաթ»-ին մասնակցում էր 96 երկրի 1292 հրաձիգ, որոնցից Մարիամ Միքայելյանը, Քրիստիան Լաուերը, Զավեն Իգիթյանը և Հրաչիկ Բաբայանը ներկայացնում էին Հայաստան: Այս մրցաշարին տարիքային բաժանումներ չկային և մեր թիմի 3 երիտասարդները մրցում էին մեծահասակների դեմ: Հիշեցնենք, որ հայ հրաձիգներից 2-ը՝ Հրաչիկ Բաբայանը և Զավեն Իգիթյանը, նվաճել են «Պատանեկան օլիմպիական խաղերի» ուղեգրեր: Հերթական ստուգատեսում հաջող մրցելույթներից հետո նրանք օգոստոսին Նանջինգում կմասնակցեն «Պատանեկան օլիմպիական խաղերին»: Մեր թիմի երիտասարդները նոր են սկսել միջազգային մրցաշարերում բացի հրաձգության օդամղիչ ձևերից, հանդես գալ նաև փոքր տրամաչափի ձևերում և նրանց մրցելույթները կարելի է հաջողված համարել: