Էլեկտրաէներգիայի թանկացումը՝ հավանաբար օգոստոսի 1-ից. Ժողովուրդն իմաստուն է՝ կհասկանա
«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը մոտավորապես 3.85 դրամի սահմաններում կլինի: Իմ գնահատմամբ, տարեկան կտրվածքով դա ընտանիքների վրա 8-9 հազար դրամի բեռ է առաջացնելու»,-այսօր մի քանի լրագրողի տեղեկացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Նա ենթադրել է, որ սակագնի բարձրացումը հավանաբար տեղի կունենա օգոստոսի 1-ից: Այսօր պարոն Նազարյանը ԲՀԿ խմբակցությանը ներկայացրել է սակագնի փոփոխության հիմնավորումները, վաղը պատրաստվում է հանդիպել ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ: «Եթե մեզ կարողանան ցույց տալ մի ծախսային հոդված, որ մենք հիմնավորված չենք ընդունել և կարելի է նվազեցնել (սակագինը-խմբ.), ես խոստանում եմ, որ անպայման հաշվի կառնենք»,-ասաց նա: Ինչ վերաբերում է սահմանին գազի թանկացման վերաբերյալ լուրերին, Նազարյանը դա հերքեց: Գոնե այս տարվա համար նա վստահ հայտնեց, որ գազի թանկացում չի լինի: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով սոցիալական նոր լարվածության առաջացման վերաբերյալ Նազարյանն ասաց. «Դա շատ ցավոտ հարց է, բայց չեմ գտնում, որ դա պետք է մեզ ուղղեք: Իսկ ընդհանրապես, միշտ էլ, երբ սակագների վերանայում է լինում, և մենք ստիպված ենք լինում բարձրացնել, ես միշտ ասում եմ՝ ինձ համար ամենաանընդունելի որոշումներից մեկն եմ կայացնելու: Ես էլ ձեր նման սպառող եմ, ունեմ հարազատ, մոտիկ մարդիկ, ի վերջո՝ մեր սպառողները, որոնց շահերն էլ մենք կոչված ենք պաշտպանելու: Իհարկե պրոբլեմ է: Կոմունալ ծառայության ամեն մի բարձրացում խփում է սպառողի գրպանին: Բայց այդ խնդիրը կառավարությունը պետք է լուծի՝ իր սոցիալական ծրագրերի մեջ փոփոխություններ մտցնելով, սոցիալապես անապահով խավերի թոշակը, աշխատավարձերը բարձրացնելով»: Հնարավո՞ր էր խուսափել բարձրացումից, թե ոչ: Ըստ Նազարյանի՝ ոչ միայն հնարավոր չէ, այլև իրենք դատապարտված են բարձրացնելու, և եթե մի աննշան հնարավորություն էլ ունենային, ապա այդ քայլին չէին գնա: «Մենք ունենք գործառույթների շրջանակ, որ պետք է կատարենք՝ ապահովելու հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիայի մատակարարում: Եթե մենք այս քայլերը չանենք, ապա 2-3 տարի հետո կկանգնենք լուրջ խնդիրների առաջ»,-ասաց նա: Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Նազարյանին չի՞ հիացնում մեր ժողովրդի համբերությունը, Նազարյանն ասաց, որ հասկանում է հարցի ենթատեքստը. «Այ, հիմա ես էս հարցից, իրոք, նեղված եմ և չգիտեմ՝ ինչ պատասխանել: Հաշվի առնելով մեր ժողովրդի էսօրվա սոցիալական վիճակը՝ մենք շատ դժվարությամբ ենք այդ որոշումը կայացրել: Մեր ժողովուրդը շատ դեպքերում իմաստուն է»: Լրագրողը նկատեց, որ Նազարյանը հավանաբար հիացած է ժողովրդի ըմբռնումից: «Ի՞նչ ես ուզում ինձանից»,-դիմեց Նազարյանը լրագրողին,-եթե ես այսօր այս խնդիրներին ճիշտ ազդակներ չհաղորդեմ՝ որպես կառույցի ղեկավար, 2-3 տարի հետո հնարավոր է, որ դուք ինձ շատ արդարացիորեն մեղադրեք մի բանի համար, որ ես թերացել եմ իմ գործառույթների մեջ: Իսկ մեր արած գործի սոցիալական հետևանքները պետք է դառնան լուրջ խնդիր այն պատկան մարմինների համար, որոնք կոչված են այս հարցերն ի մի բերելու»: Նազարյանը նաև զարմացած է, թե ինչու ժողովուրդը տարբեր ապրանքների գների բարձրացման ժամանակ նման արձագանք չի հնչեցնում, իսկ հենց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում է լինում, որը իր տեսակարար կշռով շատ ավելի փոքր է, մարդիկ շահարկման առարկա են դարձնում. «Բայց ոչ ժողովուրդը, մեր ժողովուրդն իսկապես շատ իմաստուն է»։