«Դեմ եմ»-ը զարմացած է կուտակայինի որոշումից
Անկախ կառավարության նոր առաջարկների ու նոր փոփոխությունների, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, «ԴԵՄ ԵՄ»-ը շարունակելու է իրազեկումը` այդպիսով կանխելով նաեւ հետագա հնարավոր բացասական զարգացումները: Մինչեւ սեպտեմբերի 30-ը 1974թ. եւ դրանից հետո ծնված քաղաքացիները կարող են դիմում գրել և չմասնակցել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Այսօր 68 կողմ, 12 դեմ եւ 36 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն որոշեց հավանություն տալ Կառավարության ներկայացրած օրենսդրական այս փոփոխություններին: ՀՅԴ-ն, որը երեկ կողմ էր եւ առաջընթաց քայլ էր համարել կառավարության առաջարկը, այսօր ձեռնպահ քվեարկեց։ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասում է. «Իսկապես սա քայլ առաջ է, բայց բնականաբար չի լուծում բոլոր այդ մտահոգությունները, որոնք ընկած են թե քաղաքացիական շարժման, թե բոլորիս պահանջների հիմքում»: Ձեռնպահ քվեարկեցին նաեւ ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասում է՝ ԲՀԿ-ն չի քվեարկի դեմ` հնարավորություն տալով Կառավարությանը` անել հետագա դրական քայլեր: Ըստ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի՝ խնդիրն ամբողջությամբ իր լուծումը չի ստանում, որի արդյունքում պարտադիր կուտակային բաղադրիչն այս նախագծի ընդունումից հետո շարունակելու է գործել։ Նախագծին դեմ քվեարկեցին «Ժառանգություն» եւ ՀԱԿ խմբակցությունները, բացառությամբ` Հրանտ Բագրատյանի` նա ձեռնպահ էր։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարկ է համարում նշել, որ ըստ նախագծի՝ ունեցածը վերադարձնելու համար պարտադրելով դիմում գրելը ոտնահարում է սեփականատերերի իրավունքները եւ ՍԴ որոշումը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ ասում է. «Մենք հավատում ենք ձեր անկեղծությանը, բայց համոզված ենք, որ միեւնույն է` պարտադիրը մնալու է: Չենք ուզի խաբված մնալ»: Կառավարության առաջարկով նաեւ քաղաքացիների հաշվարկված, սակայն չփոխանցված գումարները դիմում գրելու դեպքում վերադարձվում են, սակայն միեւնույն ժամանակ գործադիրը շարունակելու է նրանց փոխարեն 5 տոկոս վճարումներ կատարել կուտակային ֆոնդեր: «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնությունը չի շտապում սա մեծ հաղթանակ բնորոշել` սա ընդամենը փոքր, կես քայլ առաջընթաց է։ «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մանուկ Զաքարյանը մեզ հետ զրույցում նշում է. «Մենք ունենք հստակ պահանջներ, որի կատարման դեպքում մենք կհամարենք բավարարված»: «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Գրիգոր Պետրոսյանն ավելացնում է. «Մեր պահանջներից մեկն էլ այն էր, որ քաղաքացին ստիպված չլինի դիմում գրել, այսինքն` եթե նա դիմում չի գրում, ամեն դեպքում գումար չգանձվի»: Այն, որ պետությունը, անկախ նրանից` քաղաքացին հրաժարվում է պարտադիր համակարգից, թե ոչ, շարունակելու է իր կողմից շուրջ 21 մլրդ դրամ վճարում կատարել կուտակային ֆոնդեր, զարմացնում է «ԴԵՄ ԵՄ»-ին։ Իսկ եթե ՀԱԿ-ի մտավախությունն իրականանա ու պարզվի, որ կառավարությունն իսկապես խաբել է, ապա քաղաքացիական նախաձեռնությունը պայքարի նոր ալիք է խոստանում։