Խոսքն ընդhատվեց ադրբեջանական կրակոցներով (տեսանյութ)
Արամ քահանայի խոսքն ընդհատեց ադրբեջանական կողմի կրակահերթը, որն ուղղված էր հայ խաղաղ բնակչությանը: Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի, այդ թվում` Այգեպարի բնակիչները, երբեք էլ չեն զգացել 1994 թվականին կնքած Հայ-ադրբեջանական հրադադարի պայմանագրի ուժը: Այգեպարի բնակիչ Սուրեն Գրիգորյանն ասում է. «Կրակոց չլի, կարանք ապրենք: Չենք բողոքում թոշակներից, չենք բողոքում, որ ստատուս չունենք, չենք բողոքում, որ աշխատատեղ չկա, միայն թե կրակոց չլինի, մենք կարող ենք գոյատևել, 25 տարի ա նույն վիճակում ապրում ենք»: Բնակիչների խոսքով՝ ադրբեջանական կողմը ակտիվացել եւ ավելի ագրեսիվ է դարձել հատկապես վերջին 4-5 ամիսներին. «Կրակում են հիմնականում գյուղի և բնակիչների տների վրա»,- անհանգստացած պատմում էր Այգեպարի դպրոցի տնօրենը: Այգեպարի տների վրայի ադրբեջանական կրակոցների հետքերը հուշում են,որ Արցախյան պատերազմը դեռ չի ավարտվել: Գյուղի բնակիչները հոգնել են հակառակորդի կրակահերթի արդյունքում իրենց տների ջարդված պատուհանները փոխելուց. «Հեսա այ լոխ ջարդել են, ստի պառկած էի, որ սկսեցին կրակել»,- տան պատերին կրակոցների հետքերը և ջարդված պատուհանները ցույց տալով՝ պատմում էր Հայկազ պապը: Այգեպարում չդադարող կրակոցների պատճառով բնակիչներն անգամ պատշաճ հրաժեշտ չեն կարողանում տալ իրենց մահացած հարազատներին: Ադրբեջանցիները կրակում են անգամ թաղման թափորի վրա: Անընդհատ հակառակորդի նշանակետի տակ գտնվող Այգեպարում հնարավոր չէ զբաղվել ոչ անասնապահությամբ եւ ոչ էլ՝ հողագործությամբ: Տարածքն ամբողջությամբ ադրբեջանցիների տեսադաշտում է: Ի դեպ, Այգեպարի մշակելու հողերը երբեք մեծ չեն եղել, ժամանակին գյուղի տարածքներում հիմնականում գործարաններ էին: Այսօր գյուղը գոյատեւում է արտագնա աշխատանքի մեկնողների շնորհիվ: «Ոչ հողամաս ունեն, ոչ մի զատ ունեն , ով որ Ռուսաստանում- բանում օգմի ունի, 2 կոպեկա ուղարկում, ապրումա էլի, ով էլ չունի սենց մի կերպ գոյատևում ա»,- ասում են բնակիչները: Գյուղում աշխատանք ունի ընդամենը մի քանի երիտասարդ, ովքեր պայմանագրային զինծառայողներ են.«Մարդիկ լքել են, մեծ մասը չկան, խուրդեքը գնացել են, մեծերը մահացել են, մեր էս փողոցում մի քանի տունա մնացել»,-հուզված պատմում էր Երվանդ պապը լրագրողներին, ովքեր ուխտի էին եկել Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի հոգեւոր հայրերի նախաձեռնությամբ եւ գլխավորությամբ։