Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխատած գումարը բավականացնում է ծխախոտի ու շաքարի (տեսանյութ)

Հասարակություն
untitled

Կոտայքի մարզի Հատիս համայնքի բնակիչների եկամտի միակ աղբյուրը անասնապահությունն է։ Ապրում են օրվա կաթը վաճառելով. «Կաթը հանձնում ենք, բայց միայն պիսոկի պապիրոսի փողա հելնում»,- ասում է գյուղի բնակիչ Մանուկ Ավետիսյանը։ Վարուցանքի մասին այստեղ անգամ չեն էլ մտածում։ Ոռոգման ջուր չունեն։ Տարածքում հազվադեպ հացահատիկային կուլտուրաներ են աճեցնում՝ հույսը դնելով հնարավոր առատ տեղումների վրա. «Անձրեւ եկավ՝ բերքը կստանանք, չէ՝ չէ։ Նախանցած տարի ընդհանրապես չենք ունեցել բերք, անձրեւ չէր եկել»,- հիշում է Հատիս Համայնքի ղեկավար Սամվել Գարսեւանյանը։ «Ջուրն առհասարակ համայնքի գլխավոր խնդիրն է,- ասում է նա,- բարձրադիր գոտի է, ջուրը վերեւ չի հասնում։ Համայնքի ղեկավարը հիշում է նաեւ, որ նախկինում փորձեր արվել են ջրի խնդիրը լուծել, բայց ապարդյուն. «Մենք ի վիճակի չենք նման հարցեր լուծելու։ Վերեւը լիճ կար, կոմունիստների ժամանակ ցանց քաշվեց ոռոգման, լիճը չպահեց ջուրը, գնաց կորավ, մնացինք առանց ջրի։ Խմելու ջուրն էլա շատ վատ»։ Այս պայմաններում գյուղը չի զարգանում, մանկան ճիչ հազվադեպ է լսվում. «Մանկապարտեզ ընդհանրապես չկա, դպրոցում ընդամենը 45 աշակերտ կա, կոմպլեկտավորված դասարաններ ենք սարքել։ Երիտասարդը չի ամուսնանում, էս պայմանները տեսնում են, ո՞նց ամուսնանան»։ Անկախ խնդիրներից, գյուղն աշխուժանում է օրերը տաքանալուն պես, քանի որ մեծ մասը իրենց տները տաքացնելու համար ի վիճակի չէ վառելիք ձեռք բերել. «Ոչխարի, կովի աթարը փռում չորացնում ենք, տաքանում ենք»։ Արդեն երկար տարիներ է, ինչ Հատիսի բնակիչների երազանքը մեկն է՝ անձրեւը կրկին հուսախաբ չանի, որ հացահատիկի սերմնացուի համար վերցված վարկը կրկին չմնա օդից կախ։