Սերյոժա Հակոբյանը կհանդիպի թուրք Մուհամեդ Այդինի հետ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հայտնի են դարձել Հայաստանի բռնցքամարտիկների առաջին մրցակիցները: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի մամուլի ծառայությունը: Վիճակահանությամբ 46 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը ապրիլի 15-ին կմրցի կորեացի Կիմ Ուոնհոյի հետ: 52 կգ քաշային Արսեն Պողոսյանի մրցակիցը կլինի Այանկոլ Օկեյջեմին: 60 կգ քաշային կարգում հանդես եկող Ժորա Համազարյանը մեկնարկային փուլում ազատ կլինի: Մեր մարզիկը 1/16 եզրափակիչում կմենամարտի ադրբեջանցի Օրքան Ալիեւ եւ սերբ Ֆլորան Սլաբո զույգի հաղթողի հետ: 75 կգ քաշային կարգում հանդես եկող Գեւորգ Պետրոսյանը առաջին փուլում նույնպես ազատ կլինի: Նա պայքարի մեջ կմտնի ապրիլի 18-ին: Նրա առաջին մրցակիցը կորոշվի Շամիլ Ալիեւ (Ադրբեջան) - Ռեն Ումեմուռա (Ճապոնիա) մարտում: 81 կգ քաշային կարգում Նարեկ Մանասյանը ռինգ դուրս կգա ապրիլի 19-ին: Նրա առաջին մրցակիցը կլինի Վրաստանը ներկայացնող Ռաթի Տլաշաձեն: 91 կգ քաշային կարգում Սերյոժա Հակոբյանը առաջին փուլում կհանդիպի թուրք Մուհամեդ Այդինի հետ: Մենամարտը կկայանա ապրիլի 17-ին: Նույն օրը ռինգ դուրս կգա նաեւ մեր միակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը՝ Անուշ Գրիգորյանը: Նա կմենամարտի ավստրուհի Տրավերս Տիֆֆանիի հետ: