Արտահերթ նիստ՝ «պարտադիրի» հարցով (տեսանյութ)
ԱԺ-ում հրավիրվելու է արտահերթ նիստ, որի օրակարգում է լինելու երեք պահանջ` մինչև սեպտեմբերի 30-ը որևէ գումար ենթակա չէ գանձման, այս 3 ամսվա ընթացքում գանձված գումարները ենթակն են վերադարձի, որևէ գործատու ենթակա չէ տույժի` անկախ նրանից պարտադիրը գանձե՞լ է, թե՞ ոչ: Այս մասին ասաց Սահմանադրական դատարանում «Դ!եմ եմ»-ի ներկայացուցիչ Արծվիկ Միասյանը` ելույթ ունենալով «Դ!եմ եմ»-ի հավաքում:
Մինասյանը տեղեկացրեց, որ իրենք մտադիր են նոր դատական վարույթ հարուցել վարչակական դատարանում` ՊԵԿ այն հրամանի առթիվ, որով պետք է ավտոմատ հաշվարկվի ու գանձվի պարտադիրը:
Արծվիկ Մինասյանը դատապարտեց բոլոր այն պաշտոնատար անձանց կեցվածքը, ովքեր փորձեցին նվաստացնել ՍԴ որոշումը և հիմա «հակաիրավական ընթացքի մեջ են»` փորձելու համոզել, որ պարտադիրը պետք է գանձվի մինչև սեպտեմբերի 30-ը:
«Այդ գումարները ենթակա չեն գանձման»,- հայտարարեց նա։
Նա նշեց, որ Սահմանադրության 3-րդ հոդվածով մարդու իրավունքը գործում է անմիջականորեն, իսկ ՍԴ-ն արձանագրել է, որ մարդու սեփականության իրավունքի խախտում է տեղի ունեցել: Իսկ սա նշանակում է, որ պարտադիրը չի կարող գործել: Արծվիկ Մինասյանը մեջբերեց իրավական մի շարք այլ դրույթներ ևս` ապացուցելու համար, որ ՍԴ որոշումը երկիմաստ չէ, և պարտադիրը չպետք է գանձվի ՍԴ որոշման պահից:
«Մենք ուժեղ ենք, որովհետև մենք առաջնորդվում ենք սահմանադրական նորմերով, Սահմանադրությամբ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
