Ինչպես հարցաքննել կասկածյալին (տեսանյութ)
«Կասկածյալների հարցաքննությունը հաճախ այն առանցքն է, որի շուրջ պտտվում է քրեական գործը։ Լավ հարցաքննության արդյունքում կարելի է արդարացնել անմեղին, կամ՝ հակառակը»,-այսօր ԵՄ խորհրդատվական խմբի՝ կասկածյալների հարցաքննման լավագույն փորձը եւ մեթոդները խորագրով սեմինարի ընթացքում ասաց ԵՄ խորհրդատվական խմբի իրավապահ մարմինների հարցերի խորհրդատու Սթիվեն Բրաունը։ Ըստ նրա՝ տարբեր հարցաքննությունների կառուցվածքը տարիների ընթացքում կատարելագործվել է, Հայաստանում նման սեմինարներ կազմակերպելով՝ հնարավոր կլինի այս ոլորտը զարգացնել։ «Տարբեր երկրներում տարբեր մեթոդներ են կիրառվում։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում կիրառվում է «ՊԻՍ» մեթոդը, որը ենթադրում է, որ ում հետ հարցազրույց ես վարում, հարցաքննության ժամանակ խրախուսում ես նրան, որ խնդրո առարկա դեպքի մասին պատմի այն, ինչ գիտի։ Իսկ ավարտելուց հետո գնահատում ես, թե արդյո՞ք ստացված տեղեկություններն իմաստալից, օգտակար եւ ճշմարտացի էին»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց պարոն Բրաունը։ Սեմինարին մասնակցում էին ՀՀ ոստիկանության ավագ պաշտոնյաներ, ովքեր աշխատում են քրեական արդարադատության համակարգում եւ վերահսկում ու իրականացնում են կասկածյալների հարցաքննություններ։ Միջազգային սեմինար-քննարկումը կտեւի երկու օր։