Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր մարմնամարզիկների հաջողության գաղտնիքը

Սպորտ
գիմնաստ

«Մրցումներից առաջ Քաթարում 10-օրյա ուսհավաք անցկացրինք։ Հիմնականում հենց դա նպաստեց տղաների հաջող ելույթներին», - Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում այդպես բացատրեց մեր մարմնամարզիկների հաջող ելույթները աշխարհի գավաթի վերջին խաղարկությունում։ Հիշեցնենք, որ մեր մարմնամարզիկներն այդ մրցումներում նվաճել էին երեք ոսկե եւ մեկ արծաթե մեդալ։ Հակոբ Սերոբյանը նաեւ նշեց, որ որքան շատ լինեն նման ուսհավաքներ եւ մրցումներ, ապա այնքան լավ արդյունքներ ցույց կտան իր սաները։ «Մեր ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս ուսհավաքներ անցկացնել նույնիսկ խոշոր մրցումներից առաջ։ Դրանք մեզ օգնում են ավելի լավ պատրաստվել, կատարելագործել եւ բարդացնել վարժությունները, ծանոթանալ նոր մարզասարքերի առանձնահատկություններին եւ այլն», - ասաց անվանի մասնագետը։ Ի դեպ, Հայաստանի հավաքականը Քաթարում ուսումնամարզական հավաք անցկացրել է մեր լավագույն մարմնամարզիկներից մեկի՝ Էդուարդ Գեւորգյանի աջակցությամբ, որը թիմին հյուրընկալել է իր տանը, բացի այդ պայմանավորվել է Քաթարի մարմնամարզության ֆեդերացիայի հետ՝ անվճար մարզումներ անցկացնելու համար։ Այժմ մեր մարմնամարզիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է մայիսի 25-27-ը Սոֆիայում: Վիգեն Խաչատրյանը հանդես է գալու երիտասարդական առաջնությունում, որտեղ վիճարկվելու են նաեւ Նանջինի պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգրեր: