Մրգաշատում միրգ չի լինի
Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում այս տարի միրգ չի լինի՝ փաստում են համայնքի բնակիչները։ Երեկվա տեղացած ձյունը վնասել է գյուղի պտղատու այգիները։ Գյուղացիների տեղեկացմամբ՝ ցրտահարվել են ծիրանենիները, դեղձենիները, վաղահաս խաղողը։ Առատ ձյունը շարքից հանել է մրգաշատցի Մովսես Գևորգյանի 2 հեկտար ծիրանի այգին։ Գյուղացին վստահեցնում է՝ ծիրանենիները 100 տոկոսով ցրտահարվել են. «Բերք չի լինի՝ էդ հաստատ, սաղ փչացել է»։ Այգեգործն ամբողջ գիշեր այգում է անցկացրել։ Ծխահարել է այգին, բայց անօգուտ. «Ծուխ ենք դրել, չի օգնել, էդ ձնին, քամուն ծուխը կօգնե՞ր»,- Մովսես Գևորգյանը հավելում է՝ ոռոգում չի արել գյուղատնտեսության նախարարության մասնագետների խորհրդով։ «Ծիրանը ժողովրդին պահում էր, հիմա ինչ է լինելու մեր վիճակը՝ դժվար ա ասել, հույս ունեինք ծիրանը ծախել ու վարկերի մի մասը փակել,մնացինք օդում»։ Գևորգ Դանիելյանի խոսքով՝ ծխահարությունը միանշանակ չէր օգնի պտղատու ծառերին. «Ոռոգել ենք ծառերը, մինուս 3 աստիճան ցուրտ ա եղել, քամի, ձյուն, բնության դեմն առնել կլինե՞ր»,- ավելացրեց Դանիելյանը։ Երբ ջերմաստիճանը բարձրանա, պարզ կլինի ցրտահարության աստիճանը, ընդգծում են մրգաշատցիները։ Նրանք նշում են, որ այս գիշեր ևս կծխարեն այգիները, իսկ թե որքանով կօգնի, դժվարանում են ասել։ Մրգաշատ համայնքում հիմնականում պտղատու այգիներ են։ Գյուղում կա մոտ 400 հեկտար այգի։ Գյուղացիներից մեկն էլ նկատում է՝ Մրգաշատ անունն այլևս սազական չէ իրենց համայնքին, քանի որ արդեն մի քանի տարի է՝ եղանակային պայմանները թույլ չեն տալիս առատ բերք ունենալ։