Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակոբ Հակոբյանը շեղվել էր բուն թեմայից. ՍԴ նիստում (տեսանյութ)

Քաղաքականություն
սդ1

«Սա հարմար առիթ է բանավիճելու». այսպես արձագանքեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի դիտողությանը պատասխանող կողմ, ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Գագիկ Հարությունյանի դիտողությունը վերաբերում էր նրան, որ պարոն Հակոբյանը շեղվել էր բուն թեմայից: Իսկ ՍԴ-ն այսօր քննարկում էր «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության եւ 4 ոչ իշխանական ուժերի համատեղ դիմումը՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքից պարտադիր համակարգը հակասահմանադրական ճանաչելու մասին: Պարոն Հակոբյանը հայտարարեց, որ այս օրենքում չկա Սահմանադրության որեւիցե խախտում. «Մարդիկ ընդամենը մասնակցում են իրենց գումարների տնօրինմանը, սեփականության տնօրինմանը: Մենք սեփականախլում չենք կատարում: Ես ցանկանում եմ՝ հայցվոր կողմն այնքան բարեկեցիկ ապրի, որ իրենց թոռներին էլ ապահովի»: Պարոն Հակոբյանը, շարունակելով իր միտքը, դարձյալ շեղվեց բուն թեմայից: «Պարոն Հակոբյան, չեմ հասկանում՝ դուք հիմա հռետորական հարց եք դնում ու պատասխանո՞ւմ»: ՍԴ դահլիճում բուռն ծիծաղ առաջացրեց պարոն Հակոբյանի այն հայտարարությունը, որ ՀՀ էր եկել էր կուտակայինի պապան՝ ինքը ու Արծվիկ Մինասյանն էլ ներկա էր: «Եւ ի՞նչ էր ասել այդ կուտակայինը»,- հետաքրքրվեց Գագիկ Հարությունյանը: Այս հարցն էլ ավելի մեծ ծիծաղ առաջացրեց, որը շարունակվեց մի քանի րոպե: ՍԴ անդամ Կիմ Բալայանը եւս դժգոհ էր Հակոբ Հակոբյանի ելույթից. «Որպես պատասխանող կողմ դուք այսօր հանդես չեք գալիս: ՍԴ-ն դուք երեւի շփոթում եք ԱԺ-ի հետ»: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը մի պահ ընդհատեց եւ Հակոբ Հակոբյանին թվաց, որ իրեն թույլ չեն տալիս պատասխանելու հնչեցված հարցերին. «Դուք 3 անգամ կրկնեցիք հարցը, ես մեկ անգամ չեմ կարո՞ղ պատասխանել: Ուզում եմ ասել՝ համակարգին անտեղյակ լինելն է դեմ լինելու հիմնական պատճառներից մեկը»: ՍԴ անդամներից Ֆելիքս Թոխյանն էլ նկատեց. «Պարոն Հակոբյան, դուք ուրախացաք, որ սա դեբատների համար հարմար տեղ է: Ես ուզում եմ ավելի կտրուկ լինել՝ հարգելի քաղաքական մեծամասնություն, ՀՀ Սահմանադրությունը արգելում է ձեզ բոյկոտներ անել, դեբատների տեղ դուք ունեիք՝ ԱԺ-ն: Ի՞նչն էր պատճառը, որ ՍԴ այս կարեւոր որոշումը չկատարեցիք, միգուցե կատարեիք ու այս ամեն ինչը չլիներ»: Հակոբ Հակոբյանը վստահեցրեց. «Քննարկումները բազմիցս են եղել: Օրենքը ուժի մեջ մտնելուց ու 3 տարի չարձագանքելուց հետո հիմա որոշել են բարձրաձայնել: Սա է եղել բոյկոտի պատճառը»: Նրա պատասխանը չբավարարեց անգամ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին. «Ոչ մի տրամադրություն չի կարող Սահմանադրությանն ու օրենքին դեմ գնալ: Դուք իրավունք չունեք գործի չգնալ, միայն քվեարկելուց առաջ կարող եք՝ քվեարկել կամ ոչ, ու ինչ-որ բանով հակաօրինականությունն արդարացնել, դա հակաօրինական է: Պարզապես մենք պետք է հարգենք օրենքն ու Սահմանադրությունն ու ամեն ինչ տեղը կընկնի»: Ֆելիքս Թոխյանին հետաքրքրում էր նաեւ. «Կա՞ մի երկրի մոդել, որ հիմք եք ընդունել՝ պարտադիր կուտակային համակարգի ստեղծման համար»: «Համակարգը նմանվում է բալթյան երկրների օրինակին, սակայն տիպիկ նման չէ՝ առանձնացրել ենք դրույթներ»,- պատասխանեց Հակոբ Հակոբյանը: «Իսկ դուք քաղաքացուն հարցրե՞լ եք՝ նա ուզում է, որ իրենք ձեռք մեկնեք: 5 տոկոսը միգուցե մեկի համար բան չի, մի ծխախոտ է, իսկ բնակիչների մեծ մասի համար այդ մի քանի հազար դրամը հացի փող է»: