Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Մովսիսյան. «Նաիրիտ»-ը վերագործարկվելու է» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
armen

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը խոստանում է` ամիսներ անց «Նաիրիտ» գործարանը վերագործարկվելու է: Ըստ նրա` այս պահին դեռ շարունակվում են «Ռոսնեֆտ»-ի բանակցությունները: «Նաիրիտ»-ը հիմա տեխնիկական-տեսական հիմնավորման աշխատանքների փուլում է, որոնք կքննարկենք, եւ արդեն ճանապարհային քարտեզը պարզ կլինի»,- վստահեցրեց նախարարը: Պարոն Մովսիսյանը հայտարարել էր, որ վարկեր է վերցրել «Նաիրիտ»-ի աշխատողների աշխատավարձը տալու համար: Արդյո՞ք այդ վարկերը հետագայում բյուջեի հաշվին են փակվելու. «Բյուջեի հետ այդ վարկերը որեւէ կապ չունեն: Այդ վարկերը ներառվելու են վերագործարկման ծրագրի մեջ»: Գործարանի չվերագործարկման դեպքում ո՞վ է փակելու այդ վարկերը, նախարար Մովսիսյանը ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց. «Անպայման վերագործարկվելու է»: Այն հարցին, թե ինչով էր պայմանավորված գործադիրի այսօրվա որոշումը` մինչև 2016թ. սեպտեմբեր երկարացնել Հայկական ատոմային էլեկտրակայանի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը, Արմեն Մովսիսյանը նկատեց. «Աշխարհաքաղաքական իրավիճակով էր դա պայմանավորված: Սակայն, միեւնույն է, այսպես թե այնպես, այն կառուցվելու է: Այդ նպատակով գումար վերցնելու ենք միջազգային դոնորներից»: Իսկ ինչո՞ւ մինչ օրս հնարավոր չի եղել վերցնել այդ գումարները. «Տնտեսական ճգնաժամը, Ֆոկուսիմայի դեպքերը մի փոքր հետ գցեցին այդ գործընթացը: Հիմա արդեն որոշակի հանգստություն է տիրում այդ դաշտում եւ այդ պատճառով էլ հիմա նորից կփորձենք ակտիվացնել այդ գործընթացները»: Թե երբ է նախատեսված Ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի կառուցումը, ու ով այն կկառուցի, պարոն Մովսիսյանը վստահեցրեց. «Պիտի կառուցենք առաջիկա 15 տարիների ընթացքում ու կառուցողը կլինի «Ռոսատոմ»-ը»: