ՀՁՖ-ն արդեն ծախսել է գումարի 40 տոկոսը
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը կարծում է, որ մարզական ֆեդերացիաները նախ պետք է լավ ֆինանսավորվեն պետության կողմից, հետո նոր դրանցից պահանջել մեդալներ, այլ ոչ թե առաջնորդվել հակառակ կարգախոսով: «Նարկոմաններին բուժելու կամ հանցագործության դեմ պայքարելու համար գումարներն ավելացնելու փոխարեն կարելի է մեծացնել սպորտի բյուջեն, որպեսզի ավելի շատ երեխաներ կարողանան զբաղվել սպորտով եւ կտրվեն փողոցներից: Բացի այդ քանակը կտա նաեւ որակ: Մենք որքան շատ մարզիկներով մասնակցենք մրցումներին, այնքան շատ մեդալ կնվաճենք» - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց ՀՁՖ-ի փոխնախագահը: ՀՀ վաստակավոր մարզիչ Կարեն Աբաղյանը, ամփոփելով տարվա առաջին եռամսյակը, ասաց, որ ֆեդերացիան անցած ամիսներին արդեն ծախսել է պետության կողմից հատկացված գումարի 40 տոկոսը. «Ամեն տարի աշխարհում անցկացվում են ձյուդոյի պատանեկան 9 խոշոր մրցաշարեր: Ֆինանսական միջոցների սղության պատճառով մենք մասնակցում ենք ընդամենը 3 մրցաշարերի: Դա անմիջապես անդրադառնում է պատանի ձյուդոյիստների առաջընթացի վրա, քանի որ նրանք որքան շատ մասնակցեն նման մրցումներին, այնքան շուտ միջազգային փորձ ձեռք կբերեն»: Դավիթ Խիթարյանին ուրախացնում է այն փաստը, որ մեր պատանի ձյուդոյիստները սկսել են հաջող գոտեմարտել ադրբեջանցի եւ վրացի իրենց հասակակիցների հետ, որոնք բավականին լուրջ մրցակիցներ են համարվում այժմ: