Որ լուրերն են գերակշռում փոստատարի մոտ (տեսանյութ)
Այսօր «Հայփոստի» բաժանմունքներում նամակների թիվը ավելացել է: Մինչդեռ ընդամենը մի քանի տարի առաջ, ինչպես ասում են փոստատարները՝ նամակները մատների վրա էին հաշվում։ Այսօր յուրաքանչյուր փոստատար օրական 50-100 նամակ է բաժանում։ «Այսօրվա դրությամբ նամակները հիմնականում ոչ կենցաղային են, այլ պաշտոնական։ Հիմնականում դատարան, հարկային տեսչություն։ Իսկ առաջ եղել են սիրային, բանակից էր շատ նամակներ գալիս, շնորհավորական նամակներ էին գալիս»։ 66-ամյա փոստատար Ռոբերտ Փիլիպոսյանի օրն արդեն երեսուն տարի է նույն կերպ է սկսվում: Առավոտյան ժամը 9-ին փոստում է. վերցնում է նամակներով լի իր սեւ պայուսակն ու շրջում Ամիրյան,Մայիսյան փողոցներով, եւՄաշտոցի պողոտայով։ Փոստատարը կարոտախտով է հիշում՝ խորհրդային տարիներին մեր քաղաքացիները նաեւ հեռագրեր էին ստանում, իսկ այսօր դրանց թիվը նվազել է. «Ուրախ հեռագրեր շատ քիչ կան։ Հիմնականում կապված են թաղումների հետ»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց պարոն Փիլիպոսյանը։ Փոստատարի պայուսակում թերթեր այլեւս չեն լինում. բաժանորդագրվողներ չկան: Պատճառը՝ համացանցն ու մարդկանց սոցիալական ծանր վիճակն է։ Բոլոր դեպքերում, Ռոբերտ Փիլիպոսյանը չի հուսահատվում։ Վստահ է, որքան էլ տեխնոլոգիաները զարգանան, փոստատարի անհրաժեշտությունը միշտ էլ կլինի, նա ավելի վստահելի եւ հուսալի է քան տեխնիկան. «Կարող է փոխվի անունը փոստատարի, բայց իր պարտականությունները կմնան»։ 21-րդ դարում, համացանցի առկայության պայմաններում, մեր քաղաքացիներից ոմանց համար փոստատարը դեռ ամենասպասված այցելուն է։