Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ղրիմի հանրաքվեն կարող է նախադեպ դառնալ ԼՂ-ի համար»

Քաղաքականություն
аram-manukyan

Ղրիմի հանրաքվեն փաստացի սկիզբ դրեց Ուկրաինայի մասնատման, ինչը սպասելի էր, երբ իշխանության եկան ընդդիմադիրները։ Այսօր անդրադառնալով երեկ տեղի ունեցած Ղրիմի հանրաքվեին՝ ասաց արեւելագետ, քաղաքագետ Արամ Մանուկյանը։ «Հանրաքվեից հետո Արևմուտքի տված գնահատականներում խնդիրը ոչ թե միջազգային նորմերի անհամապատասխանությունն է, այլև Արևմուտքի և ՌԴ-ի միջև հակասությունները, և ցանկացած միջադեպ, ինչը կարող է ՌԴ-ի համար ընդունելի լինել, չի կարող ընդունելի լինել Արևմուտքի համար»,-ասաց նա։ Արամ Մանուկյանի խոսքով, Մոսկվան կարողացավ թվացյալ պարտությունների ընթացքը շրջել հօգուտ իրեն։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա ճգնաժամը չի սահմանափակվի Ղրիմով. «Վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ հարավային շրջաններում լարվածությունը մեծանում է։ Իսկ արևելյան շրջանների համար դժվար շրջադարձ լինի»,-նշեց քաղաքագետը։ Ըստ Արամ Մանուկյանի՝ Ղրիմի հանրաքվեից հետո մենք կարող ենք ակնկալել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդարացի լուծում կստանա, և դա կբխի ՀՀ շահերից, քանի որ սա նախադեպ է. «Ղրիմի հանրաքվեն լուրջ անհանգստություն կարող է պատճառել հարևան Ադրբեջանին։ Քանի որ սա նախադեպ է, որ նման կոնֆլիկտները լուծվում են ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա և ակնհայտ է, որ այս նախադեպը չի կարող չազդել Ղարաբաղի հիմնախնդրի լուծման վրա։ Այսինքն՝ միջազգային իրավունքը սկսում է ազդել, եթե նրա հետևում հզոր ուժ կա»,-ասաց քաղաքագետը։