Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վլադիմիր Գասպարյանը՝ հասունության վկայականների մասին

Հասարակություն
vostikanutyun

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մարզային հանդիպումների ծրագրի շրջանակում այցելեց Վայոց ձորի մարզ և հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում: Անչափահասների հետ տարվող աշխատանքների կապակցությամբ ոստիկանության պետը նշեց, որ դպրոցներում առկա է այն արատավոր երևույթը, երբ դասի չհաճախող կամ ընդհանրապես հանրապետությունից բացակայող աշակերտը դասարանից դասարան է տեղափոխվում և հասունության վկայական ստանում, ինչը խեղում է պատանու հոգեբանությունը և զինվորական ծառայությունից խուսափելու հնարավորություն ստեղծում: Վլադիմիր Գասպարյանը պահանջեց անզիջում լինել նման դրսևորումների հանդեպ: Ոստիկանության պետը քաղաքացու հանդեպ հոգատար վերաբերմունք և որակյալ աշխատանք պահանջեց հատկապես հասարակությանը ծառայություն մատուցող ստորաբաժանումների՝ համայնքային ոստիկանության, անձնագրային, հաշվառման-քննական բաժինների, ճանապարհային ոստիկանության աշխատակիցներից: Վերլուծելով հանցագործությունները հաշվառումից թաքցնելու և բռնությամբ ցուցմունքներ կորզելու արատավոր պրակտիկայի դեմ պայքարի դրական դինամիկան՝ ոստիկանության պետը նկատեց, որ, չնայած ձեռքբերումներին, դեռևս անբավարար է ոստիկանության հանդեպ հասարակության վստահության աստիճանը: Եվ, որպես օրինակ, Վլադիմիր Գասպարյանը նշեց այն իրողությունը, որ որոշ տուժողներ խուսափում են ոստիկանություն դիմելուց: Անդրադառնալով Ջերմուկ քաղաքում ծառայության կազմակերպման առանձնահատկություններին՝ ոստիկանության պետը կարևորեց այնտեղ պարեկապահակետային ծառայության՝ «հրեշտակների» դասակի կազմավորման անհրաժեշտությանը. ծառայողները կունենան բարձրագույն կրթություն, կտիրապետեն օտար լեզուների, առաջին բուժօգնության միջոցներին և այլն:   Ոստիկանություն