Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենաշնորհ՝ նաև խաղալիքների բիզնեսում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
toy_sprawl1

Մինչեւ 14 տարեկան երեխաների համար նախատեսված խաղալիքների հարցում որոշ խստացումներ են արվել՝ կապված անվտանգության հետ։ Այս խստացումները մտահոգել են փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Ըստ նրանց՝ կառավարության նախորդ նիստում կայացրած որոշումը մոնոպոլացնում է դաշտը։ Որոշման համաձայն՝ խաղալիքի վրա հայերեն մակնշում պետք է լինի, որի վրա գրված կլինի բաղադրությունը, ներմուծող և արտադրող ընկերության անունը, հասցեն, հեռախոսահամարը և խաղալիքի օգտագործման կարգը։ Գործարար Գագիկ Քոչարյանն ընդգծում է. «Եթե ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստան ներկրվելու է Չինաստանից, իսկ Չինաստանի գործարանին կարող ես պատվիրել ինչ ուզում ես՝ հեքիաթ կգրեն, ուզում ես՝ երաժշտություն»։ Փոփոխությունն առաջարկել է Էկոնոմիկայի նախարարությունը՝ հաշվի առնելով խաղալիքների անվտանգության վերաբերյալ բողոքները։ Նախարարության ներկայացուցիչը պնդում է, որ իրենք չափանիշները խստացնելիս հետեւել են եվրոպական փորձին։ Էկոնոմիկայի նախարարության Որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ Լիլի Մաքսուդյանը նշեց. «Ամբողջ աշխարհում խստացվել են խաղալիքների անվտանգության չափորոշիչները, իսկ եթե Եվրոպա չի կարող արտահանվել չինական ապրանքը, այն միանշանական փորձելու է գտնել այլ շուկաներ, եթե մենք չբարձրացնենք այդ նիշը, դա նշանակում է, որ այն կներկրվի Հայաստան»։ 2013 թվականին «Հայ կանայք հանուն առողջության և շրջակա միջավայրի» ՀԿ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շուկայում վաճառվող խաղալիքների 20 տոկոսը վտանգավոր է երեխայի առողջության համար։ Խստացումները ուժի մեջ կմտնեն մեկ տարի հետո։ Թե ինչ կփոխվի այս ընթացքում, կանխատեսելը դժվար է։ Բայց միջին բիզնեսի ներկայացուցիչները մի հարցում համոզված են՝ ոչ թե խաղալիքների որակն է բարձրանալու, այլ գինը։ Մանրամասներ՝ տեսանյութում