Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարսնաքարի գործով վճիռը՝ մարտի 24-ին (տեսանյութ)

Հասարակություն
13

Հարսանաքարի գործով դատական վճիռը կկայացվի մարտի 24-ին, ժամը 14-ին։ Դատարանը գնաց խորհրդակցությունների սենյակ։ Ավան Եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը մերժեց դատաքննությունը վերսկսելու մասին տուժողների հայցը։ Վերջին խոսքով հանդես եկան ամբաստանյալները։ Արման Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ ինքը ոչ մի կապ չունի այդ դժբախտության հետ, սակայն չհերքեց, որ իսկապես դժբախտություն է տեղի է ունեցել։ Ամբաստանյալ Արման Բաղդասարյանը նշեց, որ ապացույցներ կան, որ ինքը դեպքի հետ կապ չունի. «Աստված ամեն ինչ տեսնումա։ Ես մեղավոր չեմ, ինձ առաջադրված ոչ մի հոդվածով»։ Գարիկ Բաբլոյանն էլ նշեց, որ դատավարության ընթացքում ամեն ինչ ասել է, ավելացնելու բան չունի։ Գարիկ Մարգարյանը նշեց, որ պատրաստ է հատուցել այն վնասները, որ հասցրել է Արկադի Վարդանյանին, բայց մյուս հոդվածներով իրեն մեղավոր չի ճանաչում։ Դավիթ Հակոբյանը հայտարարեց, որ պատրաստ է պատասխան տալ նրա համար, ինչ արել է։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը հույս հայտնեց, որ իրենց քաղաքացիական հայցը կբավարարվի, որի դեպքում ամբաստանյալներին համաներում չեն շնորհի, մինչեւ բարոյական վնասը չփոխհատուցեն։ Ամբաստանյալների պաշտպանները միաբերան նշում են, որ հայցադիմումը ճիշտ չէ, եւ այն չպետք է բավարարել։ Ամբաստանյալներից Դավիթ Ադամյանի շահերի պաշտպանի լիազորությունները այսօր ստանձնեց Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը, քանի որ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը դադարացրել է պայմանագիրը Հանրային պաշտպանի գրասենյակի հետ եւ նոր պայմանագիր չի կնքել Դավիթ Ադամյանի հետ։