«Ես մնում եմ միակ լեգիտիմ նախագահը և գերագույն հրամանատարը» (տեսանյութ)
«Ես մնում եմ ոչ միայն միակ լեգիտիմ նախագահը, այլև գերագույն հրամանատարը»,- քիչ առաջ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում հայտարարեց Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը` հայտարարությամբ հանդես գալով լրագրողների առջև: Նա հավելեց, որ չի դադարեցրել իր լիազորությունները, ողջ է, իրեն օրինական կերպով ոչ ոք պաշտոնից չի զրկել, հետևաբար ինքը շարունակում է լինել երկրի ղեկավարը: «Ես ոչ մի տեղ չեմ փախել: Ռադիկալների կողմից իշխանության ապօրինի, զինված զավթման պահին եղել եմ Ուկրաինայում` Խարկովում, հետո Դոնեցկում, հետո Ղրիմում: Հեղաշրջման պահին չեմ լքել Ուկրաինայի տարածքը»,- ասաց Յանուկովիչը` արձագանքելով այն հայտարարություններին, թե ինքը նախագահ չէ, քանի որ հեղաշրջման ժամանակ փախել է իր երկրի տարածքից: Յանուկովիչը հայտարարեց, որ Կիև է վերադառնալու, հենց հանգամանքները թույլ տան: Նա վստահություն հայտնեց, որ այդ օրվան երկար պետք չէ սպասել: Վիկտոր Յանուկովիչի խոսքով` «Ուկրաինայում անցկացվելիք, այսպես կոչված, ընտրություններն ընթանալու են էքստրեմիստական ուժերի տոտալ վերահսկողության պայմաններում, և ոչ ոք չպետք է պաշտպանի իշխանության ոչ սահմանադրական զավթումը: Անդրադառնալով այն հարցին, որ ԱՄՆ-ն որոշել է 1 մլրդ դոլար հատկացնել Ուկրաինայում ներկայում իշխող «ավազակային ռեժիմին»` Յանուկովիչը կարծիք հայտնեց, որ ԱՄՆ օրենսդրությունը արգելում է նման բան, քանի որ Ուկրաինայում այժմ իշխողներն իշխանության են եկել ոչ լեգիտիմ ճանապարհով: Յանուկովիչը պատրաստվում է Ուկրաինային օգնության հատկացնելու որոշումը բողոքարկել ԱՄՆ սենատում, Կոնգրեսում: Իր ելույթի վերջում Վիկտոր Յանուկովիչը վստահություն հայտնեց, որ իրենք կհաղթահարեն այս շրջանը, և մարդիկ դուրս կգան թմբիրից: Այնուհետև Յանուկովիչը լքեց սրահը` առանց արձագանքելու լրագրողների հարցերին: Հիշեցնենք, որ նրա նախորդ ասուլիսը, որն առաջին հրապարակային ելույթն էր Ուկրաինայից հեռանալուց հետո, անցկացվել էր փետրվարի 28-ին դարձյալ Դոնի Ռոստովում: