Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերնար Շալանդը հայերեն չի սովորի

Սպորտ
շալանդ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բերնար Շալանդը մտադիր չէ յուրացնել հայոց լեզուն: «Ես Հայաստան եմ եկել ֆուտբոլային գործերով: Ես ֆուտբոլիստների հետ հիմնականում կխոսեմ ֆուտբոլի լեզվով, գործնականում ցույց կտամ, թե ինչ պետք է անեն խաղադաշտում: Ինքս տիրապետում եմ մի քանի լեզուների: Եթե հարկ լինի, կդիմեմ թարգմանչի օգնությանը: Սակայն հատուկ չեմ սովորի հայերեն լեզուն, որպեսզի կարողանամ խոսել խաղացողների հետ», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց շվեյցարացի մասնագետը: Բերնար Շալանդը անդրադառնալով Ռուսաստանից կրած Հայաստանի հավաքականի պարտությանը, որին նա ներկա է եղել դիտորդի կարգավիճակով, մասնավորապես ասաց. «Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներն այդ խաղում միջինը վազել են 22 կմ, իսկ մեր խաղացողները` 16 կմ: Այսինքն, մրցակիցը 6 կմ ավելի շատ է վազել: Իսկ 6 կիլոմետրը դա 60 հատ 100 մ է: Դա նշանակում է, որ մեր ֆուտբոլիստներն այդքան անգամ չեն գնացել առաջ եւ նահանջել»: Գնահատելով Հայաստանի հավաքականի հնարավորությունները Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական մրցաշարում, 63-ամյա մարզիչն ասաց, որ դժվար խումբ է բաժին հասել մեր ընտրանուն, սակայն միաժամանակ ավելացրեց, որ նախորդ մարզիչը` Վարդան Մինասյանը, բավականին լավ աշխատանք է կատարել, եւ թիմի ներուժը ճիշտ օգտագործելու դեպքում կարելի է նվաճել Եվրո-2016-ի ուղեգիր: